Միջազգային

Ադրբեջանում գործազուրկների թիվն աճում է

Լուսանկարը՝ Ահմեդ Մուխտարի/OC Media

Ամփոփ Մեդիան Թբիլիսիում գործող OC Media-ի հետ նյութերի փոխանակման համագործակցության շրջանակներում վերահրապարակում է հարեւան երկրներին վերաբերող նյութերի շարք` ներկայացնելու տարածաշրջանում առկա ակտուալ խնդիրները: 

Մանաթի կրկնակի արժեզրկումից 2 տարի անց եւ նավթի համաշխարհային գների անկումից 3 տարի անց Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը վարդագույն երանգով է ներկայացնում երկրի տնտեսությունը: Սակայն տեղական ընկերությունները շարունակում են փակվել՝ համալրելով երկրում գործազուրկների բանակը:

«Յուրաքանչյուր ոք, ով այսօր աշխատանք է փնտրում, կարող է գտնել», – օգոստոսի 4-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա վստահեցնում է, որ 2004 թ-ից ի վեր ստեղծվել են 1,5 մլն աշխատատեղեր, որոնց մեծ մասը՝ մշտական:

Կառավարությունը բավականին լավատես է: Չնայած ֆինանսական ճգնաժամի հետեւանքով աշխատանքից զանգվածային հեռացումներին ու ընկերությունների փակմանը, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլումովը նշել է, որ 2015 թ. աղքատության գծից ցածր ապրող եւ ամսական 148,5 մանաթից (87 ԱՄՆ դոլար) պակաս եկամուտ ունեցող մարդկանց թիվը նվազել է մինչեւ 5,9 տոկոս: Նախարարը հավելել է, որ գործազրկության պաշտոնական մակարդակը 5 տոկոս է, եւ «այս մակարդակի պահպանումը մեր հաջողությունն է»:

Վիճակագրությունն ընդդեմ իրականության

2015թ. փետրվարին ադրբեջանական մանաթը 33 տոկոսով արժեզրկվեց: Կառավարությունը պաշտոնապես հայտարարեց արժեզրկման մասին: Ազգային արժույթի հաջորդ անկումը տեղի ունեցավ նույն տարվա դեկտեմբերին: Չնայած 2016 թվականի պետական բյուջեն արդեն հաստատվել էր, երկրորդ արժեզրկումից հետո փաստաթուղթը վերադարձվեց խորհրդարան եւ ծախսերը կրճատվեցին:

Ադրբեջանական «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնտեսական թեմաների խմբագիր Հաֆիզ Բաբալին OC Media-ին հայտնել է, որ պաշտոնական վիճակագրությունը կարող է մոլորության մեջ գցել:

«Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2004-2016թթ. վարձու աշխատողների թիվը զգալիորեն աճել է: Կառավարությունը պնդում է, որ այս ընթացքում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնց մեծ մասը գրանցվել են որպես մասնավոր ձեռնարկատերեր, իսկ Հարկերի նախարարությունը խոստովանում է, որ այդ նոր հարկատուների երկու երրորդը ներկայումս ակտիվ չեն», – ասել է  Բաբալին:

Տնտեսագետ, REAL քաղաքական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին, ով հանդես է գալիս հանուն Ադրբեջանում ժողովրդավարական եւ սոցիալական փոփոխությունների, համաձայն չէ Մուսլումովի կողմից հնչեցված 5 տոկոսանոց ցուցանիշի հետ:

«Պետական վիճակագրությունն ու գործազրկության ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Նրանց, ում պետական հողամասեր են հատկացված, կառավարությունն ավտոմատ կերպով ընտանիքների հետ միասին գրանցում է որպես աշխատողներ: Ըստ պաշտոնական տվյալների, 800 հազար մարդ պետական հողամաս ունի: Այդ մարդիկ եւ նրանց աշխատունակ ընտանիքներն այլեւս գործազուրկ չեն համարվում: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ նման մոտեցում չկա», – ավելացնում է Ջաֆարլին:

2017թ. մայիսի 1-ի դրությամբ Ադրբեջանում գրանցված գործազուրկների քանակը կազմում է 35 900 մարդ:

55-ամյա Իբադաթ Մամեդովն անցյալ տարվա նոյեմբերից չի աշխատում:

«Մանաթի արժեզրկումից հետո Ուսանողների ընդունելության ծառայությունում [այժմ` Պետական քննական կենտրոն] աշխատող քաղծառայողներին ազատեցին աշխատանքից: Այժմ թեեւ համապատասխանում եմ հայտարարված թափուր աշխատատեղերի պայմաններին, ինձ դեռ աշխատանքի չեն ընդունում: Գործակալության ղեկավարը նշում է, որ հեռացված աշխատողները կարող են դիմել, մինչդեռ վերադասները չեն ցանկանում ընդունել փաստաթղթերս», – ասում է Մամեդովը:

Լուսանկարը՝ Ահմեդ Մուխտարի/OC Media

Սննդամթերքի գների բարձրացում եւ աշխատավարձերի կրճատում

Ըստ տեղական զարգացման առաջատար կազմակերպության՝ «Տնտեսական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի» աշխատակից Սամիր Ալիեւի, արժեզրկման պատճառով փակվել է 13 բանկ, իսկ եւս երկուսը հայտարարել են միաձուլման մասին:

Փորձագետը հավաստիացնում է, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը: «Ընդհակառակը, տեղի է ունեցել մասնավոր հատվածի կրճատում եւ աշխատավարձերի իջեցում: Սա հատկապես նկատելի է բանկային ոլորտում»:

Դոլարի նկատմամբ ազգային արժույթի անկումը հանգեցրել է նաեւ սննդամթերքի, ինչպես նաեւ որոշ կոմունալ ծառայությունների եւ վառելիքի գների բարձրացման: «Պատահական չէ, որ ըստ պաշտոնական վիճակագրության, սննդամթերքի գներն աճել են շուրջ 14-15 տոկոսով», – ասել է Ալիեւը:

Կրճատումներ SOCAR-ում

Պետական բյուջեն հիմնականում համալրվում է նավթային եկամուտների հաշվին: Ուստի 2014 թ. նավթի գների անկումը երկրում ճգնաժամի առաջին ազդարարը եղավ:

Նավթարդյունաբերողների իրավունքների պաշտպանության անկախ կազմակերպության (OWRPO) ղեկավար Միրվարի Գահրամանլին ասում է, որ նավթի գների կտրուկ անկման եւ նավթի արդյունահանման հետագա կրճատումների պատճառով ադրբեջանական SOCAR պետական նավթագազային եւ նրա գործընկեր կազմակերպություններում մեծ թվով աշխատողների ազատել են աշխատանքից:

Համաձայն OWRPO-ի տվյալների, ներկայումս հարուցված է շուրջ 40 դատական գործ SOCAR-ում կրճատումների կապակցությամբ: Հեռացված աշխատակիցները հրաժարվում են մեկնաբանել տեղի ունեցածը, քանի որ, ըստ նրանց, դա կարող է բացասաբար ազդել գործի վրա:

Լուսանկարը՝ Ազիզ Քարիմովի/OC Media

«Թրամփի աշտարակը»՝ անորոշ կարգավիճակում

Ըստ տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիի, գործազրկությունն առավելապես հարվածել է շինարարության ոլորտին՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարիների ընթացքում պետական ներդրումները նվազել են 40 տոկոսով: Նա նշում է, որ շուրջ 80 հազար շինարարներ այժմ գործազուրկ են, թեեւ վիճակագրությունը խոսում է ընդամենը 20 հազար մարդու մասին:

Ջաֆարլին ասում է, որ շինարարության աճն ապահովվել է նավթային ֆոնդերից վճարված պետական ներդրումների ավելացման հաշվին, որոնք արդեն սպառվել են:

Քսանյոթամյա Մասուդ Ասգարը 2016 թ. նոյեմբերին կորցրել է իր աշխատանքը: Նա Բաքվում «Թրամփի աշտարակի» շինարարության լոգիստիկայի գծով մենեջերի օգնականն էր: Ծրագրի գործընկերը եղել է նախկին տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը: Ասգարն ասում է, որ շինարարությունը դադարեցվել է 2015 թ. դեկտեմբերին՝ մանաթի 2-րդ արժեզրկումից հետո:

Ինչպես հաղորդում է Washington Post-ը, ձգձգման պատճառը մանաթի փլուզումից հետո ֆինանսական միջոցների բացակայությունն է եղել: Շինարարությունը պետք է ավարտվեր մինչեւ 2015 թ.:

«Ընկերությունը, որտեղ աշխատում էի, ընդհանրապես դադարել է գործել», – ասում է Ասգարը: Որպես Ադրբեջանի զբոսաշրջության եւ կառավարման համալսարանի շրջանավարտ, նա աշխատել է իր իսկ մասնագիտությամբ, բայց այժմ, նոր աշխատանք փնտրելիս, դժվարությունների առջեւ է կանգնել:

Թեեւ մանաթի արժեզրկումը սաստիկ հարվածել է շինարարության ոլորտին, սակայն շատ ընկերություններ պաշտոնապես չեն գրանցվել որպես չգործող: Սա վերաբերում է AKKORD մեծ կորպորացիային պատկանող ընկերություններին, որոնք դադարեցրել են իրենց  գործունեությունը օգոստոսի սկզբին: Այլ ընկերություններ, ինչպիսիք են`AZENKO-ն եւ EVRACON-ը, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ ունեն՝ կապված աշխատողների աշխատավարձերի վճարման հետ:

Հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին հայտնում է, որ շինարարության ոլորտում իրավիճակը սկսում է կարգավորվել, թեեւ պետական ներդրումները մեկ երրորդով կրճատվել են. «Պատճառը ազատականացման քաղաքականությունն է` լիցենզիաների եւ շինարարության թույլտվությունների տրամադրման պարզեցումը»:

Երկիրը ճգնաժամի մե՞ջ է

Սամիր Ալիեւը վստահեցնում է, որ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում ճգնաժամային իրավիճակը, որպես պատճառաբանություն բերելով ժամանակավոր դժվարությունները: Մինչդեռ նման դեպքերում այլ երկրները հաճախ դիմում են հակաճգնաժամային ծրագրի, իսկ Ադրբեջանը միայն «ուղեցույց» է մշակել:

«Ճգնաժամի ճանաչումը կնշանակի երկրի ներկա տնտեսական քաղաքականության ձախողում: Հետեւաբար, ներկայիս իրավիճակը որպես անսպասելի ներկայացնելով, կառավարությունը խուսափում է նավթային կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունից», – ասել է Ալիեւը:

Նյութի հեղինակը Սեյմուր Քազիմովն է: Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Թբիլիսիում գործող OC Media կայքում 2017 թ. սեպտեմբերի 5-ին: Նյութի թարգմանությունն ու վերահրապարակումը Ampop.am կայքում իրականացվել է Ampop Media-ի եւ OC Media-ի միջեւ նյութերի փոխանակման համագործակցության շրջանակներում:

Թարգմանիչ՝ Կարինե Դարբինյան

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/10/2017