Էկոլոգիա

Սևանա լճի հիմնախնդիրներն ու դրա պահպանումը

Սևանա լիճը, որը համարվում է ՀՀ ամենամեծ լիճը, դասվում է աշխարհի խոշոր, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերի շարքին: Սևանն իր հարակից տարածքով կազմում է «Սևան» ազգային պարկի մաս, որը ստեղծվել է 1978թ.: Հիմնական նպատակն էկոհամակարգի, ջրային ռեսուրսների, էնդեմիկ ձկների պահպանումն է: Լիճն ամբողջությամբ ներառված է պահպանվող գոտու տարածքում (342,920 հա):

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Սևանա լճի պահպանման հարցում լճի մակարդակի բարձրացումը չափազանց կարևոր է, իսկ այդ գործընթացը պետք է մշտապես իրականացնել:

Միաժամանակ կարևոր է կառավարելի դարձնել ջրի մակարդակի բարձրացումը  և կատարել համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ ազատել, ծառահատել և մաքրել ջրի տակ մնացող տարածքները: Համաձայն կառավարման պլանի՝ 2002թ-ից ի վեր լճի մակարդակի բարձրացման արդյունքում մոտ 1000 բնակելի շենքեր, տասնյակ կիլոմետր ճանապարհներ և 4000 հա անտառներ ծածկվեցին ջրով, ինչը հանգեցրեց լճի էկոհամակարգի փոփոխության ու աղտոտման։

Մաքրման կայաններ

Սևանի հարակից բնակավայրերի կենցաղային կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են լիճ՝ վնասելով ջուրը, ավազանի բուսական ու կենդանական աշխարհը։ Ջրի մաքրման կայաններ կան Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում. մյուս բնակավայրերը չունեն կոյուղիների հեռացման համակարգ: Բացասական ազդեցություն ունեն նաև Սոթքի հանքի ցրված ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ՝ հատկապես վնասելով Սոթք ու Մասրիկ գետերի ավազանները։ Այս տարածքում լրացուցիչ մաքրման կայանների ստեղծումն ու կիրառումն անհրաժեշտություն է լիճ մուտք գործող ջրերը հնարավորինս ֆիլտրելու համար։ Բացի դա, հարկավոր է աղբահանության այնպիսի համակարգ ստեղծել, որ բնակիչներն իրենց համայնքներով հոսող գետերը չդիտարկեն իբրև աղբը մեկուսացնող միջոց:

Ազոտային և ֆոսֆորային արտանետումներ

Սևանա լճի ավազանի հարակից տարածքներում գյուղատնտեսության և անասնապահության արդյունքում պարարտանյութերի և գոմաղբի միջոցով ազոտային և ֆոսֆորային արտանետումները զգալիորեն ճնշում են լճի ջրային ռեսուրսները։

Ձկնաբուծություն և ձկնորսություն

Սևանա լճի ջրավազանի ջրօգտագործման ավելի քան 40%-ը կազմում է ձկնաբուծությունը։ Այն ևս բացասաբար է անդրադառնում ավազանի վրա, եթե կանոնակարգված ու գրագետ չի իրականացվում։ Բարդուխ Գաբրիելյանը նշում է, որ Սևանի ձուկը պետք է դիտել ոչ թե որպես սննդի աղբյուր, այլ «էկոհամակարգի տրոֆիկ շերտի վերին օղակ»:

«Ձկները սնվում են մանր խեցգետնակերպերով, որոնք իրենց հերթին՝ ֆիտոպլանկտոնով կամ մանր ջրիմուռներով: Այսինքն, ձուկը մաքրում է լիճը այդ օրգանական նյութերից»,- ասում է գիտնականը և ավելացնում, որ ձկների չհաշվարկված բուծումը, նաև ձվադրման ժամանակ որսի կազմակերպումը էականորեն խախտում են էկոհամակարգի հավասարակշռությունը։

Կարևոր է գիտակցել, որ 21-րդ դարում խմելու ջրի պաշարների նոսրացումն աշխարհում բերելու է դրա արժեքի բարձրացման: Իսկ Սևանա լիճը հանդիսանում է Հայաստանի բնակչության ջրի, սննդի, արդյունաբերական, ոռոգման աղբյուրը: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում անելիք ունեն ինչպես պետությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացին:

կարդացեք նաև

Սևանա լճի ձկնատեսակներն ու պաշարները

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/06/2019