Սոցիալական

Տաքսու ոլորտում առկա խոչընդոտները

թարմացվել է ապրիլի 14-ին

Պաշտոնական տվյալների համաձայն` տաքսի ծառայություններից օգտվողների քանակը Հայաստանում տարեցտարի կտրուկ նվազում է: Նվազում է նաեւ արտոնագրեր ստացող անհատ տաքսու վարորդների թիվը: Սակայն տաքսի ծառայությունների շուկայում պահպանվում է չափազանց մեծ մրցակցություն` անհատ տաքսու վարորդների, խոշոր տաքսի ծառայությունների, իսկ նախորդ տարվանից նաեւ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների միջև: Տաքսիստները դժգոհում են ոչ միայն անհավասար մրցակցությունից, այլ նաեւ արտոնագրերի, մեքենայի ապահովագրության վճարներից եւ տուգանքների չափերից։

Իրավիճակ

Հայաստանում գործում է 5483 արտոնագրված կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որոնց հաշվեկշռում կա 8242 մարդատար-տաքսի ավտոմեքենա: Խոսքը միայն արտոնագրված տաքսիստների մասին է։ Միանշանակ այս թիվը անհամեմատ մեծ է եւ այսօր դժվար վերահսկելի։ Առկա մրցակցությունը իր ազդեցությունն է ունենում տվյալ բիզնեսի կարգավորման վրա։ Տաքսի վարելու կամ, ինչպես իրավական փաստաթղթերում է նշվում, «մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու» արտոնագրերի համար սահմանված են հաստատագրված վճարներ՝ ըստ բնակավայրի և մեկ կամ ավել ամիսների։ Սահմանված կարգի համաձայն, Երևանի տաքսու վարորդների համար վճարը կազմում է ամսական մոտ 12000 դրամ, Երեւանից դուրս գտնվող բնակավայրերում այն նվազում է մինչեւ 8000 դրամ, այլ բնակավայրերում՝ 5000 դրամ եւ սահմանամերձ համայնքերում՝ 4000 դրամ։ Տաքսիստներին արտոնագիր տրամադրվում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Երկարաժամկետ արտոնագրերի համար վճարման ենթակա գումարը նվազում է 10-20%-ով։ Արտոնագրված տաքսու վարորդների ամենամեծ քանակը Երեւանում է, այնուհետև Կոտայքի ու Արարատի մարզերում, ինչը հավանաբար պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ տաքսիստներ իրենց մեքենան գրանցում են մայրաքաղաքին մոտ մարզերում՝ արտոնագրի համար ցածր վճարելու նպատակով, բայց շարունակում են գործել տաքսիստների ամենախոշոր շուկայում` Երևանում:

Այնուամենայնիվ, վերջին մեկ տարվա ընթացքում անհատ տաքսու վարորդների կողմից արտոնագրերից հրաժարվելու միտում կա: Մասնավորապես, 2017թ. մարտի 13-ին հրապարակված տվյալների համաձայն՝ 2343 անհատ տաքսու վարորդների արտոնագրեր վերջին մեկ տարվա ընթացքում ուժը կորցրած են ճանաչվել: Մինչդեռ տրամադրվել է ընդամենը 1847 նոր արտոնագիր այլ վարորդների: Առանց արտոնագրի տաքսի վարելու դեպքում սահմանված տուգանքը կազմում է 50 հազար դրամ (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը), սակայն տաքսու վարորդները դրա վերաբերյալ իրենց կարծիքն ունեն:

Պատմական ակնարկ

Արտոնագրերի տրամադրման ձեւաչափը վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխության: Եվ ամեն անգամ դա տեղի է ունեցել տաքսու վարորդների բարձրացրած դժգոհությունների արդյունքում։ Որոշ դեպքերում դժգոհությունները վերածվել են բողոքի ցույցերի ինչպես Երևանում, այնպես էլ այլ խոշոր քաղաքներում։ Որոշ վարորդների կողմից արտոնագրերի ժամկետները չերկարացնելը խոսում է այն մասին, որ այսօր եւս հաստատագրված վճարների կարգը չի բավարարում տաքսիստներին, ինչի մասին նրանք մի քանի անգամ բարձրաձայնել են՝ ներառյալ բողոքի ցույց անելով կառավարության շենքի առջեւ։ Սակայն ոլորտի համակարգման պատասխանատուները նշում են, որ հնարավորինս դյուրինացրել են վճարները, հաշվի առնելով տվյալ սոցիալական խմբի պայմաններն ու առաջարկները:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Անհատ տաքսու վարորդներին մտահոգում են նաեւ օնլայն տաքսի ծառայությունների հետ ունեցած ահավասար պայմանները: Հայաստանում այժմ արդեն գործում է մի քանի օնլայն տաքսի ծառայություն` հիմնականում Երևանում: Վերջիններս պատվերներն ընդունում են ինտերնետով եւ շուկայում փորձում են թելադրել խաղի իրենց կանոնները։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ տվյալ ընկերությունների հետ կարող են համագործակցել բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են  ընկերության որոշ պահանջներին եւ պատրաստ են  վարձատրության դիմաց օգտագործել սեփական մեքենան ուղեւորափոխադրման նպատակով:

Տաքսու վարորդների կողմից բարձրացվող խնդիրների շարքում են նաեւ ԱՊՊԱ վճարների անհավասար պայմանները՝ մասնավորապես, ապահովագրական համակարգում 2016թ. սեպտեմբերի 1-ից ներդրված վճարման նոր ձեւաչափը, համաձայն որի՝ տաքսի ծառայությունները, համարվելով բարձր ռիսկային խումբ, պետք է կատարեն ավելի բարձր վճարումներ։

Փաստարկ

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2016թ. տաքսիներով ուղևորափոխադրման ծավալը կազմել է շուրջ 8մլն 700 հազար մարդ, ինչը 16%-ով պակաս է 2015թ. ցուցանիշից: Իսկ 2014թ. այս ցուցանիշը կազմել է 12մլն 753 հազար մարդ:

Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է վերացնել 25-50% լրացուցիչ տույժերի կիրառման ինստիտուտը այն խախտումների համար, որոնց տուգանքները սահմանված ժամկետում չեն վճարվել:  Սակայն Հայաստանի «Ավտովարորդների պաշտպանության լիգան», կարծես, դրանով չի բավարարվում եւ հանդես է գալիս նոր պահանջներով` կիսով չափ տուգանքների նվազեցում, տաքսու վարորդների նկատմամբ դուրս գրված տուգանքների համաներում, վճարումներից պետական տուրքի չեղարկում եւ այլ պահանջներ:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի կառավարության հավանություն տալու մասին

Ամփոփեց Մանվել Քեշիշյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn