Տնտեսություն

Փոքր և միջին բիզնեսը Հայաստանում

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանում բիզնես սկսելը հեշտ գործ չէ, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում: Արտադրություն հիմնելու համար փոքր և միջին ձեռնարկատերը (ՓՄՁ) բախվում է մի շարք խնդիրների: Դրանք են` ֆինանսական մատչելի ռեսուրսների բացակայությունը, մաքսային և հարկային ոչ ճկուն քաղաքականությունը, հավասար մրցակցության բացակայությունը, ստվերային շուկայի առկայությունը, արտահանման սահմանափակ հնարավորությունները և այլն: Մինչդեռ վերջին տարիներին, պաշտոնական տվյալների համաձայն` ՓՄՁ ոլորտը Հայաստանում տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման հիմնական շարժիչն է:

Իրավիճակ

Հայաստանում ՓՄՁ ոլորտը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է: Տարբեր գնահատականներ կան. մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) արձանագրել է, որ ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը Հայաստանում խոչընդոտ է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար, քանի որ ֆինանսական կառույցների կողմից որպես գրավ պահանջվող և ՓՄՁ-ներին պատկանող գույքի միջև խիստ անհամապատասխանություն կա: Դրա հետևանքով անշարժ գույք չունեցող ՓՄՁ-ներին բանկերը հաճախ մերժում են, կամ էլ բարձր տոկոսադրույքների պատճառով նրանք խուսափում են վարկեր վերցնելուց: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ուսումնասիրություններն էլ հիմնականում հարկային ոլորտին են վերաբերում. այստեղ պետք է հարկային բեռի թեթևացում լինի և որոշակի արտոնություններ: Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցներում բազմիցս որպես ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտ դիտարկվել է անառողջ մրցակցային դաշտը, որտեղ սկսնակ տնտեսավարողները չեն կարողանում դիրքավորվել:

Մյուս կողմից` կառավարությունը հայտարարում է, որ ՓՄՁ-ն «իր հովանու» ներքո է և օգտվում է մի շարք արտոնություններից: Իրականացվել են ծրագրեր, որոնց արդյունքում նվազել է էլեկտրոնային ստորագրության գինը, եռակի նվազել է հարկային հաշվետվությունների քանակը՝ տարեկան 12-ից հասնելով 4-ի, պարզեցվել են ձեռնարկության լուծարման, բնակարանը գրասենյակ դարձնելու գործընթացները, դյուրացվել է մաքսային և հարկային վարչարարությունը, հեշտացվել բիզնեսը գրանցելու գործընթացը, ներդրվել են նոր սերնդի հաշվիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), ընդունվել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և այլն:

Պատմական ակնարկ

ՓՄՁ-ներն ակտիվ գործունեություն են ծավալում մշակող արդյունաբերության ոլորտում (պարենային և ոչ պարենային). 74.365 ակտիվ հարկ վճարող տնտեսավարողներից 6491-ն այս ոլորտում են զբաղված, 485-ը՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության, 339-ը՝ հանքարդյունաբերության, հանքերի շահագործման ոլորտում: Արդյունաբերության ոլորտում ավելի ակտիվ են գերփոքր կազմակերպությունները, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում:

Հաշվի առնելով երկրի ներքին շուկայում սպառման փոքր հնարավորությունները և առևտրի աշխարհաքաղաքական սահմանափակումները՝ ՓՄՁ արտադրության ծավալների մեծացմանը կարող են նպաստել արտահանման ծավալների ավելացումը և արտահանման աշխարհագրության ընդլայնումը կամ շուկաների դիվերսիֆիկացումը:

Դեռևս 2011թ. կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: Փաստաթղթում նախանշվել են, որ արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտների հարկային ու մաքսային արտոնություններ են տրամադրվում: Այս ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ները ևս օգտվել են մի շարք արտոնություններից, մասնավորապես, շուրջ 6000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել է շուրջ 13 հազար ձեռներեցության, ոլորտային, տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն տեղական տնտեսական զարգացման ուղղություններով: Ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225 նորաստեղծ և գործող ՓՄՁ-ների, տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ:

Փաստարկ

ՓՄՁ-ն ունի աճող մասնաբաժին ՀՆԱ-ում. ընդհանուր առմամբ ապահովում է ՀՆԱ-ի մոտ 33 տոկոսը: Այս մասնաբաժինն ավելացնելու համար փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Նրանց կարողությունները ըստ տնտեսության տարբեր ճյուղերի բացահայտելու, ֆինանսական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ստեղծված Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) բիզնեսի այս հատվածում մի շարք ծրագրեր է իրականացնում: Կազմակերպությունը այս ոլորտի տնտեսավարողներին նաև անվճար խորհրդատվական ծառայություններ է տրամադրում: Սկսնակ և գործող ձեռնարկատերերի համար տեղեկատվական ուղղորդման աղբյուր կարող է դառնալ Ազգային բիզնես ինկուբատոր հիմնադրամը՝ բիզնես գաղափարի մշակումից մինչև իրացման շղթայի վերաբերյալ խորհրդատվություն:

Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հազվադեպ են օգտվում մասնագիտական խորհրդատվությունից, ինչը բացատրվում է նրանով, որ Հայաստանի գործարարների շրջանում բիզնեսի կառավարման մշակույթի պակաս կա: «Ամերիա» խորհրդատվական ընկերության վերլուծության համաձայն՝ սա բազմաթիվ խնդիրներից ամենաընդգծվածն է, որը խոչընդոտում է արդյունաբերության տարբեր ճյուղերում ՓՄՁ-ի գործունեության առաջխաղացումը: ՓՄՁ ներկայացուցիչների միայն 14%-ն է ներդրումներ կատարում արդյունաբերության ոլորտի նորարարություններում, 13%-ը` մարքեթինգում, 6%-ը` ներքին շուկայի համար նոր տեսակի արտադրությունում:

Փորձագետի կարծիք


Հայաստանում ՓՄՁ ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը անհրաժեշտ է մրցակցային դաշտի ապահովում: Իսկ դրա համար պետք են ոլորտային մենաշնորհների դեմ պայքար, հարկային իրական արտոնություններ, ստուգումների քանակի նվազեցում և այլ: Բացի այդ, Հայաստանի Կառավարությունը պետք է նախաձեռնի բիզնես կառավարման մշակույթի և անհատ ձեռնարկատերերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորում ու իրականացում: Նորաստեղծ փոքր արտադրական ձեռնարկություններին ուղղակի ֆինանսների հատկացումը կնպաստի դրանց ավելի արագ զարգացմանը:

Ղարիբ Հարությունյան

Տնտեսագետ, Գյումրու «Կոմպաս» կենտրոնի նախագահ


Հղումների պահոց

Ամփոփեց Գայանե Ասրյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn