Քաղաքական

Կուսակցականացող Հայաստան․ ի՞նչ է առաջարկում նոր օրինագիծը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգն այս պահին տրամադրում է 87 կուսակցությունների ցանկ, թեև պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում կուսակցությունների ընդհանուր քանակին անդրադառնալիս՝ հնչեցնում են 79 թիվը։ Այդ 8 տասնյակ կուսակցություններից քաղաքական ասպարեզում քիչ թե շատ ակտիվ են մոտ 8-ը, որոնց շարքերում կան կուսակցություններ` ստեղծված վերջին մեկ-երկու տարիների ընթացքում։ Հավանաբար 2017թ․ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կընթանա կուսակցությունների այս փոքրաթիվ խմբի շրջանում, թեպետ չի բացառվում, որ մեծ ցանկից մի քանի կուսակցություններ ևս առաջիկայում ակտիվանան կամ ստեղծվեն նորերը։ Հետևաբար, ո՞րն է կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, երբ գործողը, կարծես, առանձնապես խոչընդոտ չի առաջացնում։

Իրավիճակ

Ազգային ժողովում 2016թ. նոյեմբերի 28-ից քննարկվում է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, որի հեղինակը Հայաստանի կառավարությունն է։ Դեկտեմբերի 14-ին երկրորդ ընթերցմամբ այն ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝  85 կողմ, 4 դեմ, 7 ձեռնպահ և, հետևաբար, առաջիկայում կընդունվի նաև երրորդ՝ վերջին ընթերցմամբ։ Առայժմ Հայաստանում կուսակցությունների գործունեությունը կարգավորվում է 2002թ․ հուլիսին ընդունված «Կուսակցությունների մասին օրենքով» և օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարված 11 այլ փաստաթղթերով: Ըստ նոր նախագծի հեղինակների, գործող օրենքը բավականին խիստ է, մինչդեռ նորը լիբերալ է և նպատակ ունի ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ կուսակցությունների գրանցման և գործունեության համար: Սակայն պատգամավորների մի մասը կարծում է, որ ազատականացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ՝ նպաստելով առկա «մարդ-կուսակցությունների» կտրուկ ավելացմանը։ Իսկ որոշ պատգամավորներ, կողմ լինելով կուսակցությունների գործունեության լիբերալացմանը, առաջարկում են նոր նախագծով հեշտացնել նաև կուսակցությունների լուծարման գործընթացը։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, ուսումնասիրելով նախագիծը, իրենց եզրակացության մեջ նշել են, որ որոշ հարցերում ամենևին էլ լիբերալ մոտեցում ցուցաբերված չէ, և խորհուրդ են տվել բացառել Հայաստանի բոլոր մարզերում կամ մարզերի 1/3-ում  կուսակցական մասնաճյուղեր ունենալու պահանջը:

Ինչո՞ւ առաջացավ անհրաժեշտություն

Նոր օրինագծի անհրաժեշտությունն առաջացել է սահմանադրական փոփոխություններից հետո: 2015թ.  դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց  խորհրդարանական համակարգ: Իսկ նման կառավարման համակարգի պայմաններում կուսակցություններն ու կուսակցական համակարգի զարգացվածությունը կարևոր նշանակություն ունեն: Երկրի կառավարման համար կարեւորագույն որոշումներն ընդունվում են խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնք ներկայացնում են հասարակության ավելի լայն զանգվածներ։ Կարևոր է նաև նշել, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի կատարվում է 100% համամասնական ընտրահամակարգի անցնելով: Այլ կերպ ասած, անկուսակցական  քաղաքական գործիչների մուտքը խորհրդարան այլևս բացառվելու է: Սակայն համարվում է, որ հիմնական առավելություններից մեկն այն է, որ համամասնական համակարգը նպաստավոր պայմաններ է ստեղծում փոքր կուսակցությունների և փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության համար, որոնց ներգրավվածությունը քաղաքական ինստիտուտներում նպաստում է քաղաքական կայունության աճին:

Ի՞նչ է փոխվում նոր օրենքի նախագծով

Նոր օրենքի նախագծով դյուրացվում է կուսակցությունների գրանցման գործընթացը: Եթե գործող օրենքով կուսակցությունը հիմնադիր ժողովին պետք է ունենար 200 անդամ՝ վեց ամիս անց անդամների թիվը հասցնելով 2000-ի, ապա ներկայումս առաջարկվում է հիմնադիր համագումարին ունենալ 100 անդամ, պետական գրանցման պահին՝ 800 անդամ, որոնք կներկայացնեն Երեւան քաղաքը կամ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքը եւ մարզերի առնվազն 1/4-ը:

Եթե գործող օրենքում նշվում է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, ապա օրինագծում կուսակցության սահմանման մեջ նշվում է միայն, որ կուսակցությունը քաղաքացիների կամավոր միավորում է՝ առանց շեշտադրելու Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքացիության երկիր։

Սահմանվել է կուսակցությունների նվիրատվությունների կարգը և նվիրատվությունների սահմանաչափը: Օրինագծով՝ «Ֆիզիկական անձանց կողմից կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել մեկ միլիոն դրամը»:

Որպես հիմնական փաստարկ՝ նշվում է, որ խորհրդարանական պետության պայմաններում կարևոր է կուսակցությունների առկայությունն ու կայացումը: Պետության կողմից կուսակցության անդամների քանակի ստուգումները հաճախ դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում: Ուստի, այս և մի շարք այլ դրույթներով կուսակցությունների մասին օրենքը լիբերալացվում է:

Օրենքի նախագիծն արգելում է կուսակցություններին ստանալ անանուն նվիրատվություններ: Այն պարտադիր է դարձնում կուսակցությունների մասնակցությունը ընտրական գործընթացներին՝ այդ թվում ՏԻՄ ընտրություններին։ Երկուսից ավելի ընտրություն բաց թողած կուսակցությունների գործունեությունը կասեցվում է մեկ տարով։ Կուսակցությունը կարող է կրկին գործունեություն ծավալել, եթե մասնակցի հաջորդ ընտրական փուլին: Հակառակ դեպքում նրա գործունեությունը կկասեցվի եւս մեկ տարով:

Պատմական ակնարկ

Հայաստանի Հանրապետությունը դե յուրե ունի բազմակուսակցական համակարգ:  Քաղաքագիտական գրականության մեջ բազմակուսակցական է համարվում այն համակարգը, որտեղ գործում են պետական իշխանությանը հասնելու հնարավորություն ունեցող երկուսից ավելի կուսակցություններ: Այսինքն` 2-ից ավելի կուսակցությունների գոյությունը դեռևս բազմակուսակցականության երաշխիք չէ, պետք է լինեն պետական իշխանության մարմինների կազմավորման գործում անհրաժեշտ դե յուրե և դե ֆակտո պայմաններ: Հայաստանում բազմակուսակցական համակարգի օրենսդրական հիմքերը դրվեցին, երբ 1991թ․ փետրվարի 26-ին ընդունվեց Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին օրենքը: Իսկ այնուհետև այս համակարգի հիմքերն ամրագրվեցին 1995թ․ ընդունված Սահմանադրությամբ և խորհրդարանական ընտրություններով:

Վերջին երեք խորհրդարանական ընտրությունների քաղաքական մասնակցության տվյալներն ամփոփելով՝ կարելի է նշել, որ խորհրդարանական ընտրություններին միայն ՀՀԿ-ը և ՀՅԴ-ն են հաղթահարել 5%-անոց  արգելքը, «Օրինաց երկիրն» իր կայուն ներկայությունն է ունեցել` սկսած երկրորդ գումարման (1999թ․), ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»` չորրորդ գումարման խորհրդարաններից (2007թ․):

Փաստարկ

Եթե Հայաստանի անկախության հռչակման առաջին տարում`1991թ. հանրապետությունում գրանցվեցին 20 կուսակցություններ, ապա  25 տարի անց  քաղաքական կուսակցությունների թիվը հասավ 8 տասնյակի։ Սակայն սա խոսում է ոչ թե քաղաքական հասունության, այլ քաղաքական համակարգի անկայունության եւ ինստիտուտի չկայացած վիճակի մասին: Այնուամենայնիվ, ժողովրդավարության բարձր մակարդակն ամենևին պայմանավորված չէ կուսակցությունների  քանակությամբ,  այլ ազատ ընտրությունների անցկացմամբ:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Կառավարման ձեւի էվոլյուցիան Հայաստանում. արդյունքներ եւ հեռանկարներ
  • Ընդդիմության էությունը եւ դերն անցումային քաղաքական վարչակարգում
  • Քաղաքական ինստիտուտների ձևավորումը Հայաստանի Հարապետությունում

Ամփոփեց՝ Աննա Բարսեղյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 23/12/2016