Ընտրություններ

Այլեւս անկարող. ՀՀ Նախագահի պաշտոնը

Ազգային ժողովը ընդունեց Կառավարության ներկայացրած օրինագծերը, ըստ որոնց փոփոխություններ կիրականացվեն երկրի կառավարության, վարչապետի և նախագահի լիազորություններում`  ուժեղացնելով վարչապետի ինստիտուտը, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով նաեւ մեկուսացնելով ապագա վարչապետի գործունեությունը հանրության տեսադաշտից:

Շրջանցելով այս հարցի շուրջ հասարակական-քաղաքական շրջանակներում առկա մտահոգությունը, ԱԺ ամենաշատ մանդատ ունեցող «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը դրական քվեարկեց նախագծերի օգտին, այսպիսով կանաչ ճանապարհ ապահովելով երկրի հաջորդ վարչապետի համար:

Այս դեպքում ի՞նչ լիազորություններ կունենա նախագահը խորհրդարանական կառավարման համակարգում:

Իրավիճակ

Կառավարությունը ԱԺ է ներկայացրել մի քանի օրինագիծ, որոնք փաստացի նվազեցնում են Հանրապետության հաջորդ նախագահի լիազորությունները մի շարք կարեւոր հարցերով: Դրանցից է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի անվտանգության խորհրդի անդամները կլինեն վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծի` առաջարկվում է, որ Ազգային անվտանգության, Պետական պահպանության և Պետական վերահսկողական ծառայությունները եւ Ոստիկանությունը անցնեն վարչապետի ենթակայության տակ: Մյուս՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի՝ ՀՀ կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ, իսկ նիստերի վերաբերյալ կառավարության անդամները տեղեկատվություն կհրապարակեն միմիայն վարչապետի թույլտվությամբ:

Առաջարկվող փոփոխությունները հեղինակների կողմից բացատրվում են նրանով, որ անհրաժեշտ է օրենքները համապատասխանեցնել 2015թ-ի դեկտեմբերին ընդունված Սահմանադրությանը, որով Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: Վերջինիս դեպքում գործադիր իշխանությունը կենտրոնացված է ոչ թե նախագահի, այլ վարչապետի ձեռքում:

Ըստ քաղաքագիտության տեսության՝ խորհրդարանական հանրապետություններում նախագահին ընտրում է խորհրդարանը, իսկ կառավարությունը գլխավորում է խորհրդարանում մեծամասնություն ստացած կուսակցության ղեկավարը: Կառավարությունը պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

ՀՀ Սահմանադրությամբ ևս ամրագրվում են այս ընթացակարգերը, իսկ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը կընտրի ՀՀ նոր նախագահ: Նա կպաշտոնավարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից՝ 2018թ-ի ապրիլի 9-ից հետո: Նոր նախագահը կգործի առաջիկա 7 տարիներին՝ մինչև 2025թ-ը:

Նախագահի լիազորություններն ամփոփվում են Սահմանադրության 5-րդ գլխում: Դրանք հիմնականում ներկայացուցչական են:

Մասնավորապես, ըստ Սահմանադրության 129-րդ հոդվածի, նախագահը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը 21-օրյա ժամկետում, սակայն եթե նախագահը չի կատարում իր այս պարտավորությունը, ապա ԱԺ-ի նախագահն ինքն է ստորագրում և հրապարակում օրենքը:

Գործադիր իշխանության բարձրագույն մարմինն այսուհետ Կառավարությունն է: Այն իրականացնում է պետության ներքին ու արտաքին, տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը, նրա ենթակայության տակ են զինված ուժերը, իսկ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Այսպիսով, վարչապետի լիազորություններն ընդլայնվում են: Եթե նախկինում վարչապետը պատասխանատու էր ներքին քաղաքականության համար, ապա այժմ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համար: Որպես վարչապետ ընտրվում է խորհրդարանական մեծամասնության թեկնածուն, ով անհապաղ հաստատվում է նախագահի կողմից որպես ՀՀ վարչապետ:

image-4095

Ինչպե՞ս դառնալ Հայաստանի նախագահ

Նախ պետք է ապրել եւ նվիրված աշխատել Միացյալ Թագավորությունում, որպես ՀՀ դեսպան: Համենայնդեպս, այս պահին նախագահի միակ թեկնածուն այդպես էլ անում էր վերջին 5-10 տարիներին: Նա Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, ում թեկնածությունն առաջարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի այլ թեկնածուի անուն չկա… եւ, հավանաբար, չի էլ լինի: Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների առնվազն 25%-ի առկայություն: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը, որը մտադիր էր  առաջադրել իր նախագահի թեկնածուին, անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություններից կարողացավ ապահովել միայն իր խմբակցության 9 պատգամավորներինը:

Միակ թեկնածուին նախագահ դառնալու համար անհրաժեշտ է ստանալ ԱԺ 105 պատգամավորից առնվազն 79-ի ձայնը: Կոալիցիոն գործընկերներ «Հանրապետական» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների և «Ծառուկյան» խմբակցության ձայները միասին կազմում են 96, ինչը բավարար է նախագահի ընտրվելու համար: «Ելք» խմբակցությունը չի դիտարկվում, քանի որ արդեն հայտարարել է դեմ քվեարկելու մասին: Եթե «Ծառուկյան» խմբակցությունը ևս դեմ քվեարկի և Արմեն Սարգսյանը չընտրվի առաջին փուլով, ապա երկրորդ փուլում «Հանրապետական»-ների և «Դաշնակցության» ձայները միասին (65 ձայն)  բավական կլինեն, քանի որ երկրորդ փուլում անհրաժեշտ է ոչ թե 79, այլ արդեն 63 ձայն:

Ո՞վ է Արմեն Սարգսյանը

65-ամյա Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան է եղել 1991-95, 1998-99, 2013-2018 թվականներին: 1996-97թթ. զբաղեցրել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնը:  Մամուլում նշվում է, որ հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես բիզնեսմեն՝ լայն բիզնես կապերով: Նրա անունը կապվում է նաև «Lydian International Limited» բրիտանական ընկերության հետ, որի դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիան» (Lydian Armenia) իրականացնում է բնապահպանական ռիսկերով աչքի ընկնող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը: Սակայն «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ երբեք չի եղել այդ ընկերության բաժնետեր, այլ միայն խորհրդատվական ծառայություններ է մատուցել այդ ընկերությանը 5 տարի առաջ՝ լինելով տնօրենների խորհրդատվական խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ նոր նախագահն ընրտվելու է 7 տարի պաշտոնավարման իրավունքով: 2025թ. Արմեն Սարգսյանը կդառնա 72 տարեկան:

Մշտապես բնակության հարցը

ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածուն պետք է վերջին 6 տարիներին եղած լինի միայն ՀՀ քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող: Քանի որ Արմեն Սարգսյանը երկար տարիներ չի ապրել Հայաստանում, օրակարգում դրվեց նաև նրա առաջադրման օրինականության հարցը:

ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, «նախագահի թեկնածուն վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, այն դեպքում, եթե մշտապես բնակվելու մասին տեղեկանքի դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում ՀՀ-ից բացակայել է առնվազն 1095 օր»: Սակայն բացառություն են այն դեպքերը, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվել է 2013թ-ի սեպտեմբերի 27-ից եւ ստացվում է բացակայությունն էլ պայմանավորված է եղել ծառայողական նպատակներով գործուղվելու հանգամանքներով: Sut.am կայքը, սակայն նշում է, որ առավել վիճելի է վերջին 6 տարիներին Ա.Սարգսյանի ՀՀ քաղաքացի լինելու փաստը:

Բա վարչապե՞տը

Ապագա վարչապետի թեկնածուի անուն պաշտոնապես որեւէ մեկը չի հայտարարել: Նույնիսկ Սերժ Սարգսյանը: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական զրույցներում հիմնականում շրջանառվում է հենց իր` Սերժ Սարգսյանի անունը, չնայած նրան, որ վերջինս դեռևս 2014թ-ին խոստացավ ղեկավար պաշտոն չզբաղեցնել և մինչ այժմ վարչապետի պաշտոնին հավակնելու մասին պաշտոնապես չի հայտարարել:

Մինչդեռ  2015թ.՝ նոր Սահմանադրության ընդունման ժամանակ, քաղաքականհասարակական շրջանակները մեղադրում էին Ս.Սարգսյանին խոստումը չպահելու և սահմանադրության փոփոխություններն իր իշխանության վերարտադրման նպատակին ծառայեցնելու համար: Այսօր եւս մամուլում շատ են ենթադրությունները, որ Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ նոր վարչապետ:

Նստավայրը

Նախագահի և վարչապետի լիազորություններից զատ փոխվել են նաև նրանց նստավայրերը: Բաղրամյան 26-ը ապրիլ ամսից կհանդիսանա ՀՀ վարչապետի նստավայրը: Իսկ նոր նախագահի նստավայրը կլինի Մաշտոց 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Ով է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, Civilnet-ի անդրադարձը
  • Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար, sut.am
  • «Հայկական ժամանակ»-ի անդրադարձը նախագահական նոր նստավայրի մասին

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր`  Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn