Առողջություն

Ի՞նչ է առաջարկվում հակածխախոտային օրենքի նախագծով

Աղբյուրը՝ Reuters

«Անծուխ Հայաստան» հեշթեգով տարածված Առողջապահության նախարարության` ծխելու դեմ պայքարի քաղաքականությունը մեկնարկեց 2019թ-ի սկզբին։

Երբ հայտնի դարձավ, որ նախարարությունը ծխելու և ծխախոտի իրացման արգելքներ է սահմանելու, սոցիալական ցանցերում շատերը դրական արձագանքեցին՝ միանալով նախաձեռնությանը։ Իհարկե նաև քիչ չէին դեմ արտահայտվողները։

Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը բնակչության մահացության հիմնական պատճառներից է. դրանից է մահանում մարդկանց 9%-ը։

Ծխախոտի ամենօրյա ակտիվ օգտագործումը նաև վաղաժամ մահացության պատճառներից է։ Հայաստանում ընդհանուր մահացության կառուցվածքում վաղաժամ մահացությունը կազմում է 26.6%։ Ավելին՝ 35-65 աշխատունակ տարիքային խմբում վաղաժամ մահանում  է 23%-ը։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ այսպիսի հետևանքները բացասական ազդեցություն են թողնում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Նոյեմբերի 5-ին և 7-ին Ազգային ժողովի առողջապահության, ինչպես նաև տնտեսական հարցերի հանձնաժողովներում քննարկման կդրվի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։

Ինչ նոր արգելքներ է առաջարկվում

Դեռ այս տարվա մայիսին ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակեց ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի մասին օրենքի նախագիծը, որը Կառավարությունն ընդունեց սեպտեմբերի 12-ի նիստում։

ԱԺ-ի կողմից նախագծի ընդունման դեպքում այն կփոխարինի 2004թ-ին ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքին։ Ի տարբերություն վերջինի՝ առաջարկվող փաստաթղթում նշված են ավելի շատ տարածքներ, որտեղ կարգելվի ծխելը։

Օրենքի նախագծով արգելվում է ծխախոտը և դրա փոխարինիչներն օգտագործել փակ և կիսափակ հանրային տարածքներում, աշխատավայրերում, մի շարք բաց հանրային վայրերում։ Եթե օրենքն ընդունվի, ապա ծխել չի թույլատրվի բուժհաստատություններում և առողջարաններում, մանկապատանեկան մարզական կազմակերպություններում, կրթական հաստատություններում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (եթե դրանք բնակելի տներ չեն), խաղահրապարակներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային այլ հիմնարկներում, կանգառներում, հյուրանոցներում։

Նախագծով սահմանվում են նաև փակ և կիսափակ տարածքները։ Փակ տարածքը ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող,  շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ  մշտական ցանկացած կառույց է, որն ամբողջովին փակ է բացառությամբ դուռ-պատուհանների։

Կիսափակ տարածքը ցանկացած նյութից պատրաստված տանիքով, կամ առանց դրա, մեկ կամ մի քանի շարժական կամ անշարժ պատերով, ժամանակավոր կամ մշտական կառույց է։

Բացի այդ, օրենքի նախագիծն արգելում է ծխախոտի գովազդը, մինչդեռ գործող օրենքով այն արգելված չէ, այլ միայն սահմանափակված։ Արգելվում է նաև ծխախոտի նմանակ խաղալիքների կամ սննդամթերքների արտադրությունը, ներմուծումը և իրացումը։

Այս քաղաքականության իրականացման համար, 2019թ-ի բյուջեում՝ Առողջապահության նախարարության միջոցառումների շարքում, առաջին անգամ ավելացել է «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի իրականացում միջոցառումը»։

Այս միջոցառումը կպահպանվի առնվազն երեք տարի՝ մինչև 2022թ․։ Ամեն տարի դրան կհատկացվի 100 մլն դրամ։ Ըստ նախարարության միջնաժամկետ ծրագրի՝ 2020թ․ նախատեսվում են ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ կլինեն առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի հանրային իրազեկումներ, ինչպես նաև ծխելը թողնելուն օժանդակելու համար կգործի թեժ գիծ։

Կարդացեք նաև

Ծխախոտը՝ հիվանդությունների առաջացման և խորացման պատճառ

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/10/2019