Տնտեսություն

Հայաստանի հանքերի շահագործման թափանցիկությունը

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է, իսկ արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ոլորտը։ Հանքարդյունաբերության արտադրանքը կազմում է ընդհանուր արտահանվող արտադրանքի կեսից ավելին: Հայաստանը, որպես հանքարդյունաբերող երկիր, 2017թ. մարտի 9-ից դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր՝ պարտավորվելով կոնկրետ ժամանակահատվածում ԱՃԹՆ ստանդարտներին համապատասխան բարեփոխումներ իրականացնել ոլորտում՝ թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության հասնելու նպատակով։ Ampop.am-ի սույն հոդվածով ներկայացնում ենք հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունները և ներկայումս առկա թափանցիկության աստիճանը:

Իրավիճակ

Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղական օգտակար հանածոների հետեւյալ տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ալյումին, ինչպես նաեւ նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Առկա են հատկապես պղնձի եւ մոլիբդենի նշանակալի պաշարներ: Ամենամեծ` Քաջարանի հանքավայրում, պաշտոնական տվյալներով, առկա է պղնձամոլիբդենի հետազոտված 2,24 մլրդ տոննա հանքաքար, որը կազմում է համաշխարհային մոլիբդենի պաշարների 6%-ը, իսկ արտադրանքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության շրջանառության 60%-ը: Հաշվի առնելով հանքանյութի հաստատված պաշարները եւ տարեկան 18 մլն տոննա հանքանյութի արտադրությունը` հանքը կարող է գործել եւս 100-120 տարի:  

ՀՀ էներգետիկ  ենթակառուցվածքների եւ բնական պաշարների  նախարարության (ԷԵԲՊ) տվյալներով՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԷԵԲՊ կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք է ստացել 431 ընկերություն, որից 28-ը`մետաղական հանքերում գործունեություն իրականացնելու: Հայաստանից արտահանվող մետաղներից առավել մեծ տեսակարար կշիռ ունեն  պղինձը, ոսկին եւ մոլիբդենը: 28 մետաղական հանքավայրերից 18-ում կան ոսկու եւ բազմամետաղների պաշարներ, 9-ում՝ պղնձամոլիբդեն եւ մեկում` երկաթ:

image-3009

Հանքարդյունաբերության բնագավառում ընդհանուր զբաղվածների թիվը շուրջ 10 հազարի է հասնում: Այս ոլորտում միջին անվանական աշխատավարձը կազմում է 345 հազար դրամ, որը մոտ երկու անգամ բարձր է հանրապետության միջին աշխատավարձի ցուցանիշից (աշխատավարձի բարձր մակարդակը պայմանավորված է ոլորտի ստեղծած արտադրանքի բարձրարժեքությամբ, եկամտաբերությամբ եւ թունավոր ու ռիսկային լինելու հանգամանքով):

Պաշտոնական տվյալների համաձայն, հանքարդյունաբերական արտադրանքն ընդհանուր արդյունաբերության  տեսակարար կշռում 2015թ. կազմել է 16,4% կամ 221 մլրդ դրամ, 2016թ.` 16,7% կամ 239 մլրդ դրամ: Համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) հանքարդյունաբերական արտադրանքը 2015թ. կազմել է 4,4%, 2016թ.` 4,7%:

Այս ոլորտի արտադրանքը արտահանման տեսակարար կշռում կազմում է 50%-ից ավելին: Ընդ որում, արտահանվող հանքահումքային մթերքներից միայն պղնձին բաժին է ընկնում արտահանման 23-26%-ը, ինչը արտահանվող ամենամեծ ապրանքախումբն է:

Հանքարդյունաբերության ոլորտն իր վերամշակման եւ օժանդակ ծառայություններով կարեւոր տեղ է զբաղեցնում պետության եկամուտներում: Այս ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններն ապահովում են զգալի հարկային մուտքեր պետական բյուջե: 2016թ. 1200 խոշոր հարկատուների շարքում թվով 11  ընկերություններ գործունեություն են ծավալել հանքարդյունաբերության ոլորտում եւ կատարել ընդհանուր 39 մլրդ 100 մլն դրամի վճարում, ներառյալ հարկային, մաքսային եւ այլ պետական վճարները:

Խնդրահարույց է հանքերի սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների բաժնետերերի եւ սեփականատերերի մասին տեղեկատվությունը պարզապես բացակայում է պաշտոնական բաց աղբյուրներում: Այդ մասին չկա տեղեկատվություն նաեւ ընկերությունների պաշտոնական կայքերում: Հայաստանի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ակումբին անդամակցումը հույս է ներշնչում, որ այս տեղեկատվությունը եւս կդառնա թափանցիկ եւ հրապարակային:

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո պղնձի հանքայնացման տեսակի մյուս հանքը, որը կարող է դառնալ խոշոր արտադրող, «Վալլեքս գրուպի» Թեղուտի հանքն է Լոռու մարզում, որը սկսել է գործել 2014 թ. վերջին: Ընկերության կայքէջի համաձայն՝ հանքանյութի պաշարները կազմում են ավելի քան 454 միլիոն տոննա՝ պղնձի 0.36% եւ մոլիբդենի 0.02% պարունակությամբ: Նախատեսվում է, որ հանքանյութ ստանալու նպատակով վերամշակող գործարանը տարեկան 7 միլիոն տոննա հանքամթերք կմշակի:

Ոսկու արդյունահանում իրականացվում է Սոթքի հանքում (Գեղարքունիքի մարզ): Ոսկին հիմնական մետաղ է նաեւ «Դանդի Փրեշս Մեթըլզի» Շահումյանի հանքում: Իսկ «Լիդիան Ինթերնեշընլի» Ամուլսարի հանքն ունի ոսկու ցածր պարունակությամբ մեծածավալ պաշարներ: Վերջինս ընդերքօգտագործման իրավունք ստացել է 2012թ.: Այժմ հանքավայրի շինարարության ակտիվ փուլն է, որը կավարտվի 2018թ. գարնանը: Ոսկու ձուլակտորի առաջին արտադրությունը նախատեսվում է նույն թվականի մարտ ամսին: Ընկերության կայքէջի համաձայն՝  հաստատված պաշարները (ոսկու 0,20 գրամ/տոննա նվազագույն պարունակությամբ) կազմում են մոտ 67 միլիոն տոննա՝ ոսկու 0.79 գ/տ եւ արծաթի 3,68 գ/տ պարունակությամբ: «Լիդիանը» նախատեսում է հանքը շահագործել 10 տարի՝ ապահովելով ոսկու տարեկան 200,000 ունցիա (5,700 կգ/տարի) արտադրություն: Գործունեության 10 տարիների ընթացքում տարեկան արտադրության արժեքը՝ հիմնված մետաղների ընթացիկ գների վրա, կկազմի  մոտ 200 մլն  դոլար:

Պատմական ակնարկ  

Մետաղական հանածոների արդյունահանումը խորը արմատներ ունի Հայաստանում: Պղնձի արդյունահանումը 1770-ականներին սկսվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, 1840-ականներին՝ Կապանում, իսկ 20-րդ դարի կեսերին՝ Քաջարանում: Խորհրդային Միության տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության հսկաներից են եղել Ղափանի պղնձահանքային, Ալավերդու լեռնամետալուրգիական, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, Զոդի ոսկու կոմբինատը եւ Արարատի ոսկու կորզման գործարանը։ Խորհրդային Միության մասշտաբով Խորհրդային Հայաստանը զգալի տեսակարար կշիռ է ունեցել գունավոր մետաղների արտադրության ոլորտում։ Պղնձի արտադրությամբ Հայաստանը ԽՍՀՄ երկրներում զբաղեցրել է 3-րղ տեղը՝ Ռուսաստանից եւ Ղազախստանից հետո։ Խորհրդային Միության փլուզումից հետո պետական սեփականություն հանդիսացող հանքարդյունաբերական ձեռնարկությունները մինչեւ 2000-ականների կեսերը աստիճանաբար մասնավորեցվել են: Այժմ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից ոչ մեկում պետությունը մասնաբաժին չունի: Պետական ձեռնարկությունների մասնավորեցման պատմության մեջ հիշատակման է արժանի ամենախոշոր ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցումը 2004թ․: Կոմբինատի բաժնետոմսերը բաշխվեցին հետեւյալ կերպ` 60%-ը գերմանական «Քրոնիմեդ» ընկերությանը, 15%-ը` Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանին, 12,5-ական տոկոս` «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» եւ «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերություններին: Ընդհանուր առմամբ կոմբինատը մասնավորեցվեց 132 մլն դոլարով:

Փաստարկ

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը բոլոր երկրներում ուղեկցվել եւ ուղեկցվում է բնակչության մի ստվար հատվածի քննադատությամբ: Բանն այն է, որ այս ոլորտի ոչ արդյունավետ զարգացումը հղի է առաջին հերթին բնապահպանական ռիսկերով, հանքերի մերձակա բնակավայրերին սպառնացող էկոլոգիական վնասներով: Այդ պատճառով քաղաքացիական,  բնապահպանական ակտիվ շարժումները թափ են հավաքում հենց այս ոլորտի ոչ արդյունավետ գործունեությունը վերահսկելու, երբեմն նույնիսկ դադարեցնելու հրամայականով: Հայաստանում բնապահպանական  նախաձեռնություններն ակտիվորեն գործում են 2000-ականների կեսերից: Դրանք էլ ավելի ակտիվացան, երբ սկսվեցին մի քանի նոր հանքավայրերի շահագործման շուրջ աշխատանքները: «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունն ամենաակտիվ նախաձեռնություններից մեկն էր Հայաստանում, որի նպատակն էր՝ թույլ չտալ Թեղուտի անտառահատում «Վալլեքսին» պատկանող Թեղուտի պղնձի հանքի համար: Թեղուտի հանքի շահագործման թույլտվությունը տրվել է 2007թ., բայց հանքարդյունահանումն սկսվել է 2014թ.: Հանքի շահագործման ուշացումը մասամբ պայմանավորված է եղել քաղաքացիական ակցիաներով: Պետք է փաստել, որ բնապահպանական քաղաքացիական  նախաձեռնությունների ակտիվ պայքարը բերել է նրան, որ հանքարդյունբերող ընկերություններն արդեն, ի դեմս այս շարժումների, տեսնում են լուրջ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող կառույցների: Ամենեւին պատահական չէ, որ Հայաստանը, դառնալով ԱՃԹՆ թեկնածու երկիր, ստանձնել է որոշակի պարտավորություններ, որոնցում կարեւոր դեր է վերապահվելու քաղաքացիական հասարակությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի մոնիթորինգի, աուդիտորական ողջ  գործընթացն իրականացնելու հարցում:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում – Հայաստան
  • Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի շահագրգիռ կողմերի վերլուծություն
  • Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները եւ զարգացման հեռանկարները

Ամփոփեց Հակոբ Սաֆարյանը

Ինֆոգրաֆիկան` Նարե Հովհաննիսյանի

Աղյուսակը` Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn