Սոցիալական

Աշխատանք եւ արժանապատիվ աշխատավարձ

2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրով Կառավարությունը նպատակ ունի անվանական նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25%-ով` հասցնելով այն մինչեւ 69 հազար դրամի, միեւնույն ժամանակ աղքատության մակարդակը այսօրվա 29,8%-ից իջեցնել մինչեւ 18%: Որքանո՞վ են իրատեսական եւ իրագործելի այս նպատակները, երբ 2013թ. օրենսդրական փոփոխությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման քաղաքականությունը կարճ ժամանակ անց ձախողվեց՝ պատճառաբանվելով երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ ռազմաքաղաքական իրավիճակով:

Իրավիճակ

2017 թ. առաջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 56919 դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը` 55000 դրամ՝ անփոփոխ մնալով 2015թ. հուլիսից։

Նվազագույն աշխատավարձը սահմանվում է, որպեսզի աշխատանքով ապահովված (զբաղված) անձը աղքատության շեմից բարձր կարգավիճակում լինի, իսկ երկարաժամկետ հատվածում հանգեցնի նրան, որ ոչ միայն տվյալ անձը, այլեւ նրա ընտանիքը աղքատության գծից ներքև չլինեն: Մինչդեռ այսօր սպառողական  զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի միջեւ տարբերությունն արդեն կազմում է մոտ 2000 դրամ: Մասնագետները ևս ասում են, որ նվազագույն աշխատավարձը լիարժեք չի կատարում աղքատության կրճատման իր գործառույթը։

Հայաստանում զբաղվածների շրջանում աղքատության մակարդակը կազմում է 24.1%: Այն ընտանիքներում, որտեղ ոչ ոք չի աշխատում, աղքատության մակարդակը կազմում է 35.2%: Իսկ, օրինակ, ընտանիքներում, որտեղ աշխատում է 3 և ավելի մարդ, աղքատության մակարդակը կազմում է 25.4%: Սա բավականին բարձր ցուցանիշ է և փաստում է, որ Հայաստանում դեռևս շատ աշխատանք պետք է տարվի արժանապատիվ աշխատավարձի հասնելու համար:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2016թ. Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է շուրջ 18% (211 500 մարդ): Գործազրկության ամենաբարձր շեմը գրանցվել է Երեւանում` 30,2%, Կոտայքում` 23% եւ Շիրակում` 19%: Մյուս մարզերում այդ ցուցանիշը տատանվում է 5-ից 16%-ի միջակայքում: Այսպիսի ցուցանիշներով ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր մակարդակը: Հայաստանից հետո Ղրղզստանն է` գործազրկության 8% ցուցանիշով:

«Գործազրկության նման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսության ցավալի և տխուր իրավիճակի դրսևորումն է։ Դա նշանակում է, որ 210 000 ակտիվ մարդ, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր տնտեսությունում, անգործության են մատնված, նրանց պոտենցիալը չի օգտագործվում», – ասում է սոցիալական եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների քաղաքականության և իրավական հարցերով փորձագետ Արսեն Մանուկյանը։

Ըստ նրա, մեկ այլ լրջագույն խնդիր է աշխատավարձի անհավասարաչափ բաշխվածությունը, ինչը կախված է բիզնես ոլորտից: Օրինակ, հանքարդյունաբերության, ՏՀՏ եւ ֆինանսական ոլորտները՝ կախված եկամտաբերությունից, առաջարկում են 300 հազարից բարձր աշխատավարձ:

Համաձայն 2015թ. տվյալների, ոչ ֆորմալ (թաքնված) աշխատողների քանակը կազմել է 124 800 մարդ (առանց գյուղատնտեսության ոլորտի): Նրանցից 98%-ի համար այդ աշխատանքը համարվում է հիմնական: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ներկայացուցիչը մտավախություն չունի, որ կառավարության 2017-2022 թթ. նոր ծրագիրը պատճառ կդառնա ոչ ֆորմալ աշխատողների տոկոսի աճի:

«Աշխատողներին ոչ ֆորմալ հատվածից ֆորմալ հատված բերելը համալիր միջոցառումների խումբ է նախատեսում: Երբ իրականացվում են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ և այդ կոշտ կարգավորումները վերացվում են, սա ևս կարող է խթանել սոցիալական երկխոսության զարգացմանը, որը կառավարության ծրագրի թիրախներից է և նախատեսված է արժանապատիվ աշխատանքի ծրագրով», – ասում է ԱՍՀՆ աշխատանքի եւ աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանը:

Թեմայի շուրջ քննարկումը՝ «Ամփոփում» հաղորդաշարի շրջանակներում.

Պատմական ակնարկ

1993թ. նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի շրջանառության մեջ մտնելուց հետո, Հայաստանում աշխատավարձի նվազագույն չափը սահմանվեց 110 դրամ, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 121 դրամ: Իսկ ահա միջին ամսական աշխատավարձը կազմում էր 1748 դրամ։ 1993թ. նոյեմբերի 22-ին մեկ դոլարի փոխարժեքը կազմում էր 14,65 դրամ, թեեւ դոլար գնելն այդ օրերին անհնար էր: Դրամը դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվեց մեկ տարվա ընթացքում՝ գրեթե 28 անգամ: Արդեն 1994թ. նոյեմբերին դոլարի փոխարժեքը հասավ 404 դրամի:

Նվազագույն աշխատավարձի չափը մինչև 1998թ. սահմանվում էր նախագահի հրամանով, այնուհետև՝ օրենքով: 1998թ. հոկտեմբերի 27-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվեց 5000 դրամ, ինչն անփոփոխ մնաց շուրջ 5 տարի՝ մինչեւ 2003թ.:

1998-2007թթ. օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի միջև տարբերությունը շատ մեծ էր: Այսպես օրինակ, 1998թ. նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 24323 դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 1000 դրամ: 2008-2015թթ․ ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը մոտեցավ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին:

Փաստարկ

Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ  նվազագույն աշխատավարձը աշխատողին տրվող հատուցման նվազագույն թույլատրելի սահմանն է, և այն դեռեւս  չի ապահովում աշխատողի նվազագույն կենսապայմանները: Այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին աղքատ չի համարվում, քանի որ աղքատ համարվում է ամսական 41 698 դրամից ցածր ծախսելու հնարավորություն ունեցող քաղաքացին:

«Մենք ընդունում ենք, որ նվազագույն աշխատավարձը բավարար չէ, չնայած արդեն հավասար է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, բայց դա բավարար համարել չի կարելի: 1 անձի հաշվարկով նվազագույն աշխատավարձը շատ քիչ սոցիալական կարիքներ կարող է բավարարել», – ասում է ԱՍՀՆ ներկայացուցիչ Արմինե Մաթոսյանը:

Պետական պաշտոնյաների աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Ըստ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի, այն հաշվարկվում է՝ պետական բյուջեով սահմանվող բազային աշխատավարձը բազմապատկելով համապատասխան գործակցով: Ըստ այս հաշվարկի, ամենաբարձր աշխատավարձը ստանում է ՀՀ նախագահը՝  1,322,800 դրամ (ներառյալ հարկերը):

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Հայաստանում գործազրկության ցուցանիշը ամենաբարձրն է ԱՊՀ-ում:
  • Աղքատության պատկերը Հայաստանում:
  • Աշխատանքի վարձատրության պետական քաղաքականության սոցիալական հիմնախնդիրները ՀՀ-ում:

Ամփոփեց Արտակ Խուլյանը

Ինֆոգրաֆիկաները` Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր`  Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn