Ընտրություններ

Տարոն Մարգարյանի ու նրա 4 տեղակալների ֆինանսական միջոցները

Խմբ Սույն հոդվածով ներկայացնում ենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա 4 տեղակալների կողմից ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերում առկա ֆինանսական միջոցները։ Հայտարարագրերը լրացվում են տվյալ պաշտոնյաների կողմից, եւ որքանով մեզ է հայտնի, Էթիկայի հանձնաժողովը չունի դրանք վերահսկելու մեխանիզմներ։ Ինչպես «Ամփոփի» թղթակցին տեղեկացրին Էթիկայի հանձնաժողովից, պաշտոնատար անձանց ունեցվածքի վերահսկման մեխանիզմը դեռ անկատար է Հայաստանում, չի գործում նաեւ ծախսերի մասով ինստիտուտը։ Իսկ սա նշանակում է, որ հայտարարագրերում առկա տեղեկությունը չի կարող արտացոլել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների իրական պատկերը։ Ստացվում է, որ առկա տեղեկությունները թույլ են տալիս միայն սեփական դատողությունների հիման վրա որոշակի ենթադրություններ անել եւ հասկանալ, թե որքանով են ազնիվ գտնվել պաշտոնյաները Հայաստանի քաղաքացիների առջեւ տվյալ հայտարարագրերը լրացնելիս։ Այսպիսով, եղած փաստաթղթերի հիման վրա համեմատել ենք վերը նշված պաշտոնյաների ֆինանսական կարողությունները քաղաքային իշխանություններում պաշտոն ստանձնելիս (2012 եւ 2013թթ․) եւ ավագանու ընտրություններից առաջ (2016թվերջում)՝ ենթադրությունները թողնելով ձեզ։

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ / ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

image-2934

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարուստ պաշտոնյա է։ Դեռ 2013թ.՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում, ընդդիմադիրները բարձրաձայնում էին Տարոն Մարգարյանի ունեցվածքի ու եկամուտների անհամաչափության մասին։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն անգամ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ նշելով, որ Ավանի թաղապետ աշխատելու տարիներին Մարգարյանը հարստացել է տասնյակ միլիոններով, այնինչ նրա աշխատավարձն այդ տարիներին կազմել է 130 հազար դրամ։ Դատախազությունը դիմումն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն, որն իր հերթին հրաժարվեց քննության առնել Մարգարյանի ունեցվածքի հարցը՝ պատճառաբանելով, որ դիմումը բովանդակային առումով հանցագործության հաղորդման բնույթ չունի։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պետական ռեեստրում 2013թ.՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս, Մարգարյանը, որպես դրամական միջոցներ, հայտարարագրել է 115 միլիոն դրամ, 50,000 դոլար ու նույնքան եվրո։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2014թ., նրա հայտարարագրած դրամական միջոցներն ավելացել են 135 միլիոն դրամով՝ դառնալով 250 միլիոն դրամ, դոլարով եւ եվրոյով հայտարարագրված գումարների չափը մնացել է անփոփոխ: Դրամական միջոցների այս չափը վերջին 3 տարիների ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել, բացառությամբ դոլարով արտահայտված գումարի, որը նվազել է 5000 դոլարով: Ինչ վերաբերում է եկամուտների չափին, ապա 2013թ. դրանք կազմել են 6,7 մլն դրամ, մինչդեռ 2016-ին այդ թիվը գերազանցել է 30մլն-ը։ Այս թվի կտրուկ տատանման պատճառը գույքի օտարումն է, մասնավորապես, Mercedes-Benz G500 մակնիշի մեքենայի վաճառքը 25մլն դրամով, որի առկայության մասին տեղեկություն կա նաեւ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու տարվա հայտարարագրում։

Տարոն Մարգարյանի հայտարարագրում, որպես փոխկապակցված անձ, նշվում է նրա կնոջ՝ Գոհար Սարգսյանի անունը։ Վերջինս, իբրեւ դրամական միջոց, 2013թ. հայտարարագրել է 50մլն դրամ, եւ այդ նույն գումարը պահպանվել է նաեւ 2016թ. տվյալներում։

Այսպիսով․․․ Տարոն Մարգարյանի եւ նրա կնոջ՝ Գոհար Սարգսյանի, միասնական ֆինանսական կարողությունները, համաձայն 2016թ հայտարարագրի, կազմում է 300մլն դրամ, 45,000 դոլար եւ 50,000 եվրո։

Քաղաքապետ Մարգարյանն ունի 4 տեղակալ, ովքեր զբաղված են աշխատակազմի տարբեր ոլորտների վերահսկմամբ ու համակարգմամբ։ Փոխքաղաքապետերը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացառությամբ գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքի։ Քաղաքապետի տեղակալները, ինչպեսեւ քաղաքապետը, նշանակվում են Երեւանի ավագանու կողմից։ Քաղաքապետի տեղակալին պաշտոնից ազատել կարող է միայն քաղաքապետը: Քաղաքապետի բացակայության ժամանակ նրան փոխարինում է վերջինիս առաջին տեղակալը։ Քաղաքապետը եւ նրա 4 տեղակալները փաստացի ղեկավարում են մի տնտեսություն, որի 2017թ․ բյուջեն կազմում է ավելի քան 84 միլիարդ դրամ, ինչը մոտավորապես 175 միլիոն դոլար է։

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆ / ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

image-2935

Կամո Արեյանը փոխքաղաքապետի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է շուրջ 20 տարի առաջ` 1997թ., երբ Երեւանի քաղաքապետը Վանո Սիրադեղյանն էր։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչեւ 2001թ., որի ընթացքում փոխվել են առնվազն 3 քաղաքապետեր: Այնուհետեւ, 2003թ-ից կրկին նա նշանակվել է նույն պաշտոնին` պահպանելով այն մինչ օրս: Փոխքաղաքապետ Արեյանն աշխատել է մայրաքաղաքի 7 քաղաքապետերի` Վանո Սիրադեղյանի, Սուրեն Աբրահամյանի, Ալբերտ Բազեյանի, Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, իսկ 2013թ-ից մինչ օրս Տարոն Մարգարյանի հետ։

Այսքան տարիների պաշտոնավարման ընթացքում Արեյանի հայտարարագրած դրամական միջոցները բավական համեստ են՝ ի տարբերություն նրա վերադասի եւ մյուս 3 փոխքաղաքապետերի։ 2016թ. տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են ընդամենը 300 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ունեցած եկամուտների չափը եղել է մոտ 4,6մլն դրամ։ Հայտարարագրերում արտացոլված թվերի համաձայն, 2013թ. Արեյանի ֆինանսական միջոցներն անհամեմատ ավելի մեծ էին․ դրամական միջոցները կազմում էին 400 հազար դրամ, իսկ եկամուտները գերազանցում էին 6մլն դրամը։

Փոխարենը բավական պատկառելի միջոցներ ունի Արեյանի կինը՝ Արմենուհի Հարությունյանը: 2013թ. նրա դրամական միջոցները կազմել են 650 հազար դրամ եւ 113 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 5,7մլն դրամ։ 2016թ. Արեյանի կնոջ դրամական միջոցները կտրուկ նվազել են․ 260 հազար դրամ եւ 87 հազար դոլար։ Սակայն գրեթե կրկնակի աճել են եկամուտները՝ գերազանցելով 10 միլիոն դրամը։

Այսպիսով․․․ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի եւ նրա կնոջ՝ Արմենուհի Հարությունյանի, համատեղ 2016թ․ դրամական միջոցները, համաձայն  հայտարարագրի, կազմում է 560հազար դրամ եւ 87հազար դոլար։

ՎԱՀԵ ՆԻԿՈՅԱՆ / ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ

image-2936

Վահե Նիկոյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2012թ-ից՝ 33 տարեկան հասակում։ Նա փոխքաղաքապետերից ամենաերիտասարդն է։ Նիկոյանը համակարգում եւ վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման, գնումների ու ֆինանսական վարչությունների աշխատանքները։ Երեւանի քաղաքապետարանի գնումները վերջին տարիներին պարբերաբար հայտնվում եմ մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում։ Օրինակ, 2014թ-ին քննադատության արժանացավ մայրաքաղաքի բյուջեի հաշվին 30միլիոն դրամի հատկացումը շուրջ 1000 շիշ կոնյակի եւ բաժակների ձեռքբերման համար։ Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ կոնյակներն ու բաժակները, որպես հուշանվեր, տրվել են մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամներին և հյուրերին, ինչպես նաև այլ քաղաքներ այցելությունների ժամանակ տվյալ քաղաքային իշխանություններին։

2012թ.՝ պաշտոնը ստանձելիս, 33-ամյա Նիկոյանը հայտարարագրել է 7,5 մլն դրամ եւ 8հազար դոլար։ Իսկ արդեն 2016թ. Նիկոյանի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 9,5 մլն դրամ, 15 հազար դոլար եւ 11 հազար եվրո։ Նիկոյանի տարեկան եկամուտը 2013թ. կազմել է 350 հազար դրամ, իսկ 2016թ.՝ 4 մլն դրամ։ Ըստ հայտարարագրի՝ 2014 եւ 2015թթ. Նիկոյանը վաճառել է իրեն պատկանող 2 մեքենաները՝ Mercedes0Benz E-320 եւ Volkswgen Touareg 3,2 մակնիշների, որոնց առկայության մասին տեղեկություն կար նաեւ 2012թ․ հայտարարագրում՝ պաշտոնը ստանձնելիս։

Նիկոյանի հետ փոխկապակցված անձ է նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, ում դրամական միջոցները 2012թ. կազմել են 3,4 միլիոն դրամ, 15հազար դոլար եւ 10հազար եվրո։ 2016թ. հայտարարագրում Գրիգորյանի ֆինանսական միջոցները մնացել են անփոփոխ։

Այսպիսով․․․ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի եւ նրա կնոջ՝ Արմինե Գրիգորյանի միասնական դրամական միջոցները կազմում են 12,9 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 21 հազար եվրո։

ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ / ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ

image-2937

Դավիթ Օհանյանը, ի պաշտոնե, 2013թ-ից վերահսկում է մայրաքաղաքի առողջապահության, առեւտրի ու սպասարկումների, արտաքին ձեւավորման ու գովազդի ոլորտները։ Սրանք այն ոլորտներն են, որոնցից մայրաքաղաքի բնակիչները պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնում։ Խոսքը պոլիկլինիկաների, կրպակների ապամոնտաժման մասին է։

2013թ.՝ պաշտոնը ստանձնելիս, Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 31,5 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 14,400 եվրո։ Աշխատավարձից առաջացած եկամուտները կազմել են 1 մլն 250 հազար դրամ։ 2016թ. հարկային տարվա վերջում Օհանյանի դրամական միջոցները կազմել են 19 մլն դրամ, 18,5 հազար դոլար եւ 11 հազար եվրո։ Իսկ աշխատավարձից գոյացած եկամուտը, ընդհանուր առմամբ, կազմել է մոտ 4,3 միլիոն դրամ։

Փոխքաղաքապետի հետ փոխկապակցված անձանցից են նրա 2 որդիները՝ Էդմոնդ եւ Ռոլանդ Օհանյանները։ Եթե 2013թ. Էդմոնդ Օհանյանի անվամբ հայտարարագրված եկամուտները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ Ռոլանդ Օհանյանի անվամբ հայտարարագիր չի եղել, ապա 2016թ. նրանց երկուսի անվամբ լրացված հայտարարագրերում եկամուտների չափը ընդհանուր առմամբ գերազանցել է 27 միլիոն դրամը։

Այսպիսով․․․ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի եւ նրա երկու որդիների ֆինանսական միջոցները, ըստ հայտարարագրի, 2016թ կազմել են 46մլն դրամ, 18,5 հազար դոլար եւ 11 հազար եվրո։

ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ / ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ

image-2938

Արամ Սուքիասյանը միակ փոխքաղաքապետն է, ով անկուսակցական է։ Նաեւ միակն է, ում հայտարարագրի եկամուտների բաժնում նշված է, որ դրանք մասամբ գոյացել են նաեւ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքների համար վարձատրությունից։ Սուքիասյանը համակարգում է հանրակրթության, մշակույթի, տուրիզմի, երեխաների իրավունքների պաշտպանության ու սպորտի ոլորտները։ Նրա ենթակայության տակ գտնվող ոլորտներից պարբերաբար դժգոհություններ կան մանկապարտեզների ու դպրոցների ջեռուցման հարցի շուրջ։ Այդ հիմնավորմամբ՝ անցյալ տարի մի քանի մանկապարտեզների տնօրեններ ազատվեցին աշխատանքից։ Երեւանի բյուջեից նախադպրոցական կրթությանը հատկացվում է շուրջ 8 միլիարդ դրամ։

Պաշտոնը ստանձնելու պահին Սուքիասյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ, 8 հազար դոլար, իսկ եկամուտների չափը՝ 6,5 մլն դրամ: 2016թ. Սուքիասյանը հայտարարագրել է միայն արտարժույթ` 27 հազար դոլարի չափով, թեպետ տարեկան եկամուտը դրամով կազմել է 8 միլիոն։ Որպես փոխկապակցված անձ, կնոջ՝ Լուսինե Դոլինյանի անվամբ 2013թ. հայտարարագրված դրամական միջոցները կազմել են 12,8 հազար դոլար, իսկ 2016թ. այդ միջոցներն աճել են՝ դառնալով 29 հազար դոլար:

Այսպիսով․․․ փոոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի եւ նրա կնոջ միասնական ֆինանսական միջոցները կազմել են 56 հազար դոլար։

Կարդացեք նաեւ 

Ամփոփեցին Մկրտիչ Կարապետյանը եւ Կարինե Դարբինյանը

Պատկերների հեղինակ՝ Նարե Հովհաննիսյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն  Դեհերյան 

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn