Կրթություն

Կեղծ կրթություն հայրենյաց

Լուսանկարը` pixabay.com կայքից

2018թ. կլրանա Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գաղափարի տասը տարին: Համաձայն այս գաղափարի, նախատեսվում էր ունենալ այնպիսի տնտեսություն, որը հիմնված կլիներ ուժեղ եւ որակյալ կրթական համակարգի վրա: Հայաստանի կրթական համակարգի արդյունավետությունն ու մրցունակությունը պատկերացնելու համար Ampop.am-ի անձնակազմը որոշեց ուսումնասիրել այսօր առկա ցուցանիշները, որոնք լավագույնս կներկայացնեն, թե որքանով է հաջողվել կյանքի կոչել նշված գաղափարը:

Իրավիճակ

Տնտեսության զարգացման շղթայում առանցքային նշանակությունը տրվում է կրթության օղակին, որը քարշակի  կամ արգելակողի դեր կարող է ստանձնել: Հայաստանի պարագայում կրթությունը չի լուծում այն խնդիրները, որոնք կնպաստեն տնտեսության իրական պահանջարկի բավարարմանը: Միեւնույն ժամանակ Կառավարության ծրագրերն ու գործնական քայլերն ամենեւին չեն համապատասխանում մեկը մյուսին:

Կառավարության 2018-2020թթ. կարճաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից կրթությանը հատկացվող ֆինանսավորումը 2017-2020թթ. տարեցտարի նվազեցվելու է` 2.34%-ից մինչեւ 1.85%:

76 երկրների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում, դպրոցական կրթության արդյունավետությամբ Հայաստանը զբաղեցնում  է 50-րդ տեղը, իսկ Համաշխարհային մրցունակության 2016/17 զեկույցի համաձայն, 138 երկրների շարքում բարձրագույն կրթության եւ վերապատրաստման ցուցանիշով՝ 71-րդ հորիզոնականը: 2006-2007թթ. նույն ուսումնասիրության արդյունքներով, Հայաստանը գտնվում էր 80-րդ հորիզոնականում:

Հայաստանում բարձրագույն կրթության նկատմամբ ավանդաբար ձեւավորված մեծ պահանջարկ կա, սակայն ստանալ դիպլոմ, դեռ չի նշանակում լինել մասնագետ: Բարձրագույն կրթության առկայությունը ներկայումս դիտարկվում է որպես որոշակի պարտադիր պայման, նյութական բարեկեցության անհրաժեշտություն սոցիալական բարձր դիրք գրավելու համար: Այսինքն, Հայաստանում կրթական նախապատվությունները պայմանավորված են նախեւառաջ նյութական գործոններով:  Սակայն շատ երիտասարդներ բուհերն ավարտելուց հետո համալրում են գործազուրկների շարքերը, ինչը վկայում է մասնագիտական կողմնորոշման եւ աշխատաշուկայի խզված կապի մասին: Սա էլ, իր հերթին, շղթայական ռեակցիայի էֆեկտով բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա:

2017թ. պետական բյուջեով կրթությանը հատկացված է 128,539.8 մլն դրամ: Հիմնական շեշտադրումն արված է միջին մասնագիտական կրթության ֆինանսավորման վրա: Այստեղ ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատ, աճել է 8.2%-ով՝ հասնելով 8.4 մլրդ դրամի: Նվազել են, սակայն, նախնական մասնագիտական եւ բարձրագույն կրթությունների ֆինանսավորումները: Բարձրագույն կրթությանը հատկացված է 12 մլրդ դրամ, ինչը 2016թ. համեմատ քիչ է 282.6 մլն դրամով կամ 2.3%-ով:

Կրթական հաստատություններն իրենց ծառայությունների փաթեթը ձեւավորում են՝ ելնելով դիմորդների եւ նրանց ծնողների ակնկալիքներից, այլ ոչ թե շուկայի պահանջարկից: Արդյունքում, ուսումնական հաստատությունները պատրաստում են այնպիսի մասնագետ, ով, հնարավոր է, ստացել է իր կամ ծնողի ցանկությունը բավարարող մասնագիտություն, որը, սակայն, չի համապատասխանում շուկայի պահանջարկին: Կրթություն-աշխատաշուկա անհավասարակշռությունն արտահայտվում է գործազրկության բարձր մակարդակով:

image-3283

«Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի» կողմից 2015թ.  արված աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրության համաձայն, Հայաստանում ավելի շատ են պատրաստվում, օրինակ, տնտեսագետներ եւ իրավաբաններ, քան իրականում անհրաժեշտ են: Մինչդեռ շատ է որոշակի արհեստների տիրապետող մասնագետների կարիքը, իսկ պատրաստվող մասնագետները քիչ: Ըստ հետազոտության, դրա հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է կամ դիմորդների ոչ ճիշտ մասնագիտական կողմնորոշումը:

Կրթական ծառայությունների շուկայի մյուս առանձնահատկությունը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին: Մինչ ուսումնական հաստատությունները 4-6 տարի շարունակ մասնագետ են պատրաստում, այդ ընթացքում փոխվում է շուկայի պահանջարկը: Այս խնդրի լուծումը շուկայի պահանջների կանխատեսումն է:

Հայաստանյան կրթական մոդելի թերություններից են`

  • տեսական, վերացական ուսուցումը, գործնական պարապմունքների ոչ բավարար քանակը,
  • քննադատական եւ ստեղծագործական մտածողություն ձեւավորելու բացակայությունը,
  • դասախոսների կողմից դասավանդվող նյութի բառացի վերարտադրման պահանջը:

Առկա խնդիրներից մեկն էլ այն է, որ գիտահետազոտական աշխատանքները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Ուսանողների բացարձակ մեծամասնությունը կուրսայիններ, դիպլոմայիններ, թեզեր կամ այլ գիտական աշխատանքներ ասելով՝ պատկերացնում է թարգմանություն այլ լեզուներից կամ արտատպություն/գրագողություն հայերեն գրականությունից:

Եթե նախկինում դիպլոմ ստանալու հիմնական միջոցներից էր չսովորել եւ կաշառք վճարելը, ապա այսօր կարելի է միայն դասերին ներկա գտնվելով, վարձը վճարելով՝ ստանալ այդքան սպասված  դիպլոմը: Գնալով նվազում է դիմորդների քանակը, եւ վարձավճարների հաշվին գոյատեւող համալսարանները նույնիսկ ամենաթույլ ուսանողներին դուրս չեն թողնում:

կարդացեք նաեւ

Թափուր տեղեր բուհերում․ պահանջվում է դիմորդ

Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում պրոֆեսորադասախոսական անձնակազմի 75.2%-ը հիմնական հաստիքային դասավանդողներ են, որոնց 47.3%-ն ունի գիտական աստիճան, իսկ 39.3%-ը` գիտական կոչում:

image-3284

Փաստացի

2016-2025թթ. կրթության զարգացման պետական ծրագրի թիրախային կետերից մեկն ուղղված է մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը: Այս նպատակին կառավարությունը թերեւս մտադիր է հասնել միջին մասնագիտական կրթության զարգացման միջոցով:

Ի հեճուկս կրթությանը հատկացվող ծախսերի նվազման` Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 4 գերակայություններից 2-ը՝ զբաղվածության ընդլայնումը եւ մարդկային կապիտալի զարգացումը, անմիջական առնչություն ունեն կրթություն-աշխատաշուկա կապի հետագա զարգացման հետ:

Մինչդեռ անցնող 10 տարիների ընթացքում չհաջողվեց ուժեղ եւ որակյալ կրթական համակարգ ձեւավորել: Փոխարենը 21%-ով նվազեցվեց կրթությանը հատկացվող ֆինանսավորումը: Սա արդեն իսկ հարց է առաջացնում՝ արդյոք հիմնավո՞ր են վերը նշված ծրագրերը:

Փորձագետի կարծիք


Հայաստանում ԲՈւՀ-երի վիճակը վատանում է, եւ մարդիկ հասկանում են, որ ԲՈւՀ-ի դիպլոմը առանձնապես շատ բան չի տալիս, եւ այդ պատճառով հիմա նախընտրում են, այլեւս չգնալ ԲՈւՀ: Աշակերտ-ուսանող-աշխատող շղթայում ՀՀ-ն շատ անելիքներ ունի: Մեր դպրոցները շարունակում են երեխաներին  սովորեցնել գիտությունների մասին, չեն սովորոցնում կարեւորագույն հմտություններ, որոնք աշխատաշուկային պետք են. դրանք են՝  հաղորդակցական հմտություններ, ճկունություն, մտածողության հմտություններ եւ այլն, թեեւ այս ամենը նշված է փաստաթղթերում:  

Սերոբ Խաչատրյան

կրթության փորձագետ


Հղումների պահոց

Ամփոփեց Աննա Բարսեղյանը

Ինֆոգրաֆիկաների հեղինակ եւ պատասխանատու խմբագիր` Աստղիկ Գեւորգյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn