Իրավունք

Երեւանի սահմանափակ մատչելիություն

Screenshot from Azatutyun

2017 թ. մարտի դրությամբ Երեւանում ապրում է  հաշմանդամություն ունեցող ավելի քան 61 հազար քաղաքացի։ Այս քաղաքացիները մյուսների պես տեղաշարժվելու, հասարակական վայրերից օգտվելու, ըստ ցանկության մշակութային օջախներ այցելելու իրավունք ունեն։ Այդ ցանկությունը շատ հաճախ պայմանավորված է այն հնարավորություններով, որոնք առկա են Երեւան քաղաքում։ Խոսքը հարմարավետ եւ մատչելի վայրերի մասին է՝ տան շեմից, շենքի մուտքից, փողոցից մինչեւ այն վայրը, ուր կցանկանա գնալ հաշմանդամություն ունեցող երեւանցին։

2013թ-ից Երեւանի քաղաքային բյուջեից առանձին կետով տարեկան շուրջ 30-40 միլիոն դրամի հատկացումներ են կատարվում մայրաքաղաքն առավել հարմարավետ եւ մատչելի միջավայր դարձնելու նպատակով։ Գումարները հիմնականում ուղղվում են քաղաքի փողոցներում թեքահարթակներ, վերջին տարիներին նաեւ տեսողության եւ լսողության խնդիրներ ունեցողների համար հարմարեցված անցումներ եւ լուսացույցեր տեղադրելուն։ Կահավորվել են նաեւ որոշ երթուղիների ավտոբուսներ, 2 տրոլեյբուս։ ՈՒ թեկուզ թեքահարթակների եւ ազդանշանների մասով կատարվածը դեռ բավարար չէ, սակայն մատչելիությունն ու հարմարավետությունը չեն սահմանափակվում միայն սրանցով։ Քաղաքը պետք է հարմար լինի նաեւ իր մշակութային եւ ժամանցի վայրերով՝ թատրոններ եւ գրադարաններ, երաժշտական դպրոցներ եւ խաղահրապարակներ, որոնք բացի հարմար թեքահարթակներից ու  վերելակներից, պետք է ունենան նաեւ համապատասխան դռներ ու բռնակներ, լայն մուտք, սանհանգույց, տեսողության եւ լսողության խնդիրներ ունեցողների համար հարմարություններ։

Քաղաքապետարանից ստացած տվյալների հիման վրա ամփոփել ենք քաղաքի մատչելիությունն ու հարմարավետությունը փողոցներում, տրանսպորտում եւ մշակութային օջախներում։ Իսկ երկրորդ պատկերով համադրել ենք ավագանու ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում քաղաքի մատչելիությանը վերաբերող տեսլականները:

Փորձագետի կարծիք

Երեւանի մատչելիությունն ապահովելու համար արդեն քանի տարի է քաղաքի բյուջեից գումարներ են հատկացվում եւ, բովանդակային առումով, աշխատանքներ տարվում են, բայց քաղաքապետարանի կողմից արդյունավետության դիտարկումներ չեն արվում, արդյունքները չեն ստուգվում: Անելու դեպքում էլ` տեղային ու աչքին տեսանելի մի քանի լուծումներ են տրվում: Մատչելիությունն էլ միայն թեքահարթակներն են, որոնք  հիմնականում ընդունված նորմերին ու չափորոշիչներին չեն համապատասխանում. փողոցի մի կողմը հարմարեցվում է, մյուս կողմը` ոչ, բազրիքներն ու թեքահարթակների բարձրությունները  նույնպես շատ տարբեր ձեւերի ու չափերի են:  Հարմարեցված կառույցներում էլ երբեմն, օրինակ, թեքահարթակ կա, ինչը քաղաքապետարանը մատչելիություն է համարում, բայց ներսում աստիճաններ են:  Ասում են մատչելի գրադարաններ ու թանգարաններ, բայց դրանք նույնպես միայն թեքահարթակի մակարդակում են:

Վարդուհի Արամյան, «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող, «Մատչելի քաղաք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • «Մատչելի քաղաք» քաղաքացիական նախաձեռնության համաերեւանյան մոնիթորինգի արդյունքների զեկույց
  • «Շենքերի եվ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրաման
  • Ազատություն ռադիոկայանի նյութը  քաղաքի մատչելիության վերաբերյալ
  • Երեւանի քաղաքապետարանի 2014, 2015, 2016 թվականների տարեկան հաշվետվություններ
  • 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիր
  • 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք դաշինք»-ի նախընտրական ծրագի
  • 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիր

Ամփոփեց Մարիամ Սարիբեկյանը

Ինֆոգրաֆիկան՝ Կարեն Պետրոսյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn