Առողջապահություն

Շաքարային դիաբետով հիվանդների թիվն աճում է

ներառյալ 0-14 տարեկանների շրջանում  

Անկախության 26 տարիների ընթացքում շաքարային դիաբետով հիվանդների թիվը կրկնապատկվել է, իսկ 0-14 տարեկանների շրջանում նույնիսկ եռապատկվել: Ոչ վարակիչ հիվանդացության, մահացության բուրգում շաքարային դիաբետը զբաղեցնում է 3-րդ տեղը` զիջելով միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին: ՀՀ առողջապահության նախարարությունը 2018 թ. համար կանխատեսել է դիաբետով հիվանդների 8% աճ` 2017 թ. համեմատ:

Իրավիճակ

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջություն և առողջապահություն 2017» վիճակագրական տարեգրքի` Հայաստանում 15 տարեկան և բարձր տարիքային խմբում շաքարային դիաբետով հիվանդների ընդհանուր քանակը 1990թ. համեմատ 2016 թ. աճել է ավելի քան երկու անգամ՝  35500-ից դառնալով 82336:

Աճել է նաև 0-14 տարիքային խմբում շաքարային դիաբետով հիվանդների ընդհանուր քանակը՝ 197-ից դառնալով 335: Սա մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ 100 000 բնակչի հաշվով այս տարիքային խմբում հիվանդների թիվը 1990 թ. համեմատ աճել է ավելի քան երեք անգամ` 18.2-ից դառնալով 56.1:

Պետությունն անվճար դեղերով ապահովում է 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդներին:

2018 թ. ՀՀ պետբյուջեից 1.6 մլրդ դրամ նախատեսված է շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց դեղապահովմանը, որի 60 տոկոսն ուղղվելու է ավելի քան 15000 հիվանդների ինսուլինով ապահովմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5% և միտում ունի ավելանալու` հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:

Այնուամենայնիվ, ապացուցված է, որ շաքարային դիաբետ հիվանդությունը կանխարգելելի է և հնարավոր է դրանից խուսափել, այնպես որ հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Վահագն Դաբաղյանը

Մենթոր` Կարինե Դարբինյան

Կարդացեք նաեւ

Քաղցկեղը Հայաստանում

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn