Սոցիալական

Հայաստանի դեմոգրաֆիական ճգնաժամը

Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Համաձայն ՄԱԿ-ի առաջարկած սահմանման, ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 եւ ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7%-ը: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 11.2%: Միջազգային զեկույցները եւ վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի շեմին:

Թարմացվել է 2018թ. մայիսի 5-ին:

Իրավիճակ

Յուրաքանչյուր պետության դեմոգրաֆիական պատկերի վրա ազդում են որոշակի գործոններ, այդ թվում՝ ծնելիության, մահացության, ամուսնության եւ ամուսնալուծության, միգրացիայի  ցուցանիշները, բնական աղետները, պատերազմական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական դրությունը: Այս բոլոր ցուցանիշներով` Հայաստանի վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Միայն 2010-2016թթ. Հայաստանի բնակչությունը նվազել է 8.5%-ով:

Համաձայն երկու տարի առաջ ներկայացված ՄԱԿ-ի կանխատեսումների, 2030թ. Հայաստանի բնակչությունը նվազելու է մինչեւ 2մլն 993 հազար մարդ: Այնինչ 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ արդեն հանրապետության բնակչության թիվը 23000-ով ավելի քիչ է, քան ՄԱԿ-ը կանխատեսել է 2030թ. համար: Պաշտոնական տվյալներով` Հայաստանի բնակչությունը 2մլն 970 հազար է:

Դեմոգրաֆիական ճգնաժամը հանգեցնում է նախ աշխատունակ տարիքի բնակչության նվազման, ինչը լուրջ մարտահրավեր է ապագայում աշխատուժի պահպանման եւ աճի համար: Նույնիսկ ՄԱԿ-ի լավատեսական կանխատեսումների համաձայն, 2050թ. Հայաստանի բնակչության շուրջ 40%-ը լինելու են տարեցներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի ներկայացմամբ, «եթե 1990թ. Հայաստանում 11 հոգի աշխատում էր, որպեսզի [պետությունը] 1 հոգի չաշխատող պահեր, 2010թ. 6 հոգի էր աշխատում՝ 1 հոգի պահելու համար, ապա 2050թ. 1,6 հոգին պետք է պահի 1 հոգու: Այսինքն՝ սոցիալ-տնտեսական բեռը, որը նստելու է պետության եւ բնակչության ուսերին, մոտ տասն անգամ ավելանալու է»։

Դեմոգրաֆիական ճգնաժամի պատճառներից է բնակչության վերարտադրության ցածր ցուցանիշը: Բնակչության պարզ վերարարտադրության (երբ բնակչության թիվը մնում է անփոփոխ) համար, յուրաքանչյուր կին պետք է ունենա 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 1,6: Թեև երիտասարդների շրջանում անցկացված հարցումները փաստում են, որ հարցվածների մեծամասնությունը (81%) ցանկանում է ունենալ 2 կամ 3 երեխա, սակայն նրանց 74%-ն ունի 1 կամ 2 երեխա, իսկ 3 երեխա ունի ընդամենը 6%-ը:

Վերարտադրության աճին նպաստում է ամուսնությունների թվի աճը: Մինչդեռ վերջին տարիներին այս ցուցանիշները ևս նվազման միտում են գրանցել: 2015-2017թթ. ամուսնությունների քանակը նվազել է 2389-ով կամ 13.6%-ով, իսկ ամուսնալուծություններն աճել են 270-ով կամ 7.4%-ով: Հինգ տարվա կտրվածքով ամուսնալուծությունների թիվն ընդհանուր առմամբ աճել է, սակայն 2015թ. եւ 2016թ. այն ունեցել է նվազման միտում:

Դեմոգրաֆիական խնդիր է նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: 1990-ականների սկզբից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների սեռերի հարաբերակցությունը՝ 113 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով: Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ Հայաստանի առողջապահության նախարարության, բնականոն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Հայաստանը այս ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ Լիխտենշտեյնից եւ Չինաստանից հետո: Ժողովրդագրության տեսանկյունից՝ սա նշանակում է, որ երեւույթի շարունակման դեպքում Հայաստանը մինչեւ 2060թ. կկորցնի ավելի քան 90 հազար կին կամ ապագա մայր, ինչը բացասաբար կազդի ընտանիք կազմելու հնարավորության վրա եւ կդառնա արտագաղթի հավելյալ պատճառ:

Ինֆոգրաֆիկան` Լիանա Հակոբյանի

Պատմական ակնարկ

Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի վրա բացասական անդրադարձ են ունեցել 1988թ․ Սպիտակի երկրաշարժը, արցախյան պատերազմը եւ 1990-ականների սկզբի տնտեսական ճգնաժամը: Խորհրդային Միության կազմավորումից մինչ 2017թ. Հայաստանում ամենաշատ երեխաները ծնվել են 1985-1990թթ.` շուրջ 400 հազար երեխա, որոնք 20-30 տարի անց՝ 2010-ական թվականներին մտան ծննդաբերող տարիք: Արդյունքում, այս ժամանակահատվածում Հայաստանում նկատվել է ծնունդների թվի աճ:  Ծնունդների թվի նվազում տեղի կունենա 2020-2060թթ., ինչը պայմանավորված է 1992թ. մինչ օրս եղած ծնունդների ցածր թվով:

Հայաստանի անկախության առաջին երկու տարիներին դեռեւս պահպանվում էր Խորհրդային Միության տարիներից նկատվող   ծնելիության բարձր  ցուցանիշը: Նկատելի անկում գրանցվեց 1993թ-ից սկսած: Սակայն նույնիսկ այդ տարիներին, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակում եւ ճգնաժամային փուլում, ավելի շատ երեխաներ էին ծնվում, քան վերջին տասնամյակում: 25 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 5 անգամ աճել է` կազմելով մոտ 10,5 մլրդ դոլար, ինչը նպաստել է բնակչության կենսամակարդակի համեմատական բարձրացմանը: Սակայն 2016թ․ դրությամբ Հայաստանի բնակչության 29,4 տոկոսն աղքատ է, իսկ աշխատունակ բնակչության 17.8%-ը՝ գործազուրկ:


կարդացեք նաեւ    Հայաստանում գործազրկության ցուցանիշները


Փաստարկ

Ծնելիության խթանման ուղղությամբ 2010թ. կառավարության որոշմամբ՝ մի շարք առաջնահերթություններ են սահմանվել, այդ թվում, ծնելիության խթանում՝ երեխաներ ունենալու եւ մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման, վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցման միջոցով: Իսկ 2016-2018թթ. Ազգային ծրագիրը նախատեսում է ժողովրդագրական խնդիրների հաղթահարման երկու հիմնական բաղադրիչ՝ սոցիալ-տնտեսական խրախուսման եւ առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության աճ: Համաձայն Պետական նպաստների մասին 2013թ. օրենքի եւ կառավարության որոշման, պետությունը առաջին  եւ երկրորդ  երեխաների համար վճարում է 50 հազարական դրամ,  երրորդ եւ չորրոդ երեխաների համար՝ 1 մլն-ական դրամ, իսկ սկսած հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ: Նույն օրենքով,  եթե աշխատող մայրը երեխա է ունենում, նրան 2 տարի շարունակ երեխայի խնամքի համար տրվում է ամսական 18 հազար դրամ նպաստ: 2016թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ նաեւ «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը, որով նաեւ չաշխատող մայրերին է տրվում միանվագ 126,600 դրամ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ավագ փորձագետ Ռալֆ Հաքերտը գտնում է, որ Հայաստանում ցածր ծնելիության հիմնական պատճառները գործազրկությունն ու արտագաղթն են: Իսկ ծնելիությունը խթանելու համար, ըստ նրա, «պետք է պետության մշտական ուշադրությունը, այլ ոչ թե միանվագ նպաստները եւ օգնությունը»:


կարդացեք նաեւ 

Միգրացիան Հայաստանում

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Աննա Բարսեղյանը

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 28/03/2017