Տնտեսություն

Brexit. ի՞նչ կլինի, երբ Բրիտանիան լքի ԵՄ-ը

Բրիտանիան քվեարկել է Brexit-ի (Britian exit Բրիտանիայի ելք), այսինքն` Եվրոպական միության կազմից դուրս գալու օգտին: Դա նշանակում է, որ առաջիկա ամիսների ընթացքում բրիտանացի և եվրոպացի առաջնորդները կսկսեն բանակցել Բրիտանիայի հեռանալու պայմանների շուրջ: Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալը կանդրադառնա երկրի տնտեսության, ներգաղթի քաղաքականության և շատ այլ բաների վրա: Տարիներ կպահանջվեն, որպեսզի տեսանելի լինեն իրական հետևանքները: Սակայն, ահա, մի շարք կարևորագույն փոփոխություններ, որ կարելի է ակնկալել առաջիկա ամիսների ընթացքում:

Photo 2

Բրիտանական հանրաքվեի արդյունքները ինֆոգրաֆիկայում. Միացյալ Թագավորությունը կողմ է քվեարկել Եվրամիությունը լքելուն: Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան կողմ են քվեարկել մնալուն (համապատասխանաբար 62.2% և 55.7%), սակայն Բրիտանիան և ՈՒելսը՝ լքելուն (համապատասխանաբար 54.6% և 55.5%): Այս երկրի հեռանալը կարող է առիթ դառնալ, որ մյուս երկրները ևս վերանայեն իրենց անդամակցությունն այս միությանը: «Անգլիացի քվեարկողները մեծ ջանքերով դուրս են քաշում Հյուսիսային Իռլանդիային ԵՄ-ից», – ասում է Իռլանդիայում SINN FEIN քաղաքական կուսակցության նախագահ Դեքլան Քերնին: «Շոտլանդիան միանշանակ և հաստատուն կերպով քվեարկել է ԵՄ-ն կազմում մնալու օգտին, և ես ողջունում եմ մեր եվրոպական կարգավիճակի մասին այս դրական որոշումը», – ասում է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը:

Աղբյուր` Stratfor

ԵՄ-ից դուրս գալու գործընթացը տարիներ կտևի

ԵՄ-ը լքելու Բրիտանիայի քվեն չունի իրավական հիմքեր, և կան մի քանի եղանակներ, որոնցով հնարավոր է տեսականորեն խոչընդոտել կամ բեկանել այն: Այնուամենայնիվ, ըստ BBC-ի՝ «հանրաքվեով մարդկանց արտահայտած կամքին բռնանալը կհամարվի քաղաքական ինքնասպանություն»: Եվրոպական միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածը սահմանում է այն ընթացակարգերը, որոնցով անդամ պետությունները կարող են դուրս գալ Եվրոպական միությունից: Ըստ այս պայմանագրի՝ անդամ պետությունը պետք է տեղեկացնի ԵՄ-ին իր հեռանալու մասին, իսկ ԵՄ-ը պարտավոր է այնուհետ փորձել բանակցել հեռացող պետության հետ դուրս գալու համաձայնագրի շուրջ: Բրիտանիայի «հեռանալու» քվեն, այնուամենայնիվ, նման պաշտոնական տեղեկացում չի ներկայացնում: Տեղեկացումը կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում, օրինակ՝ երբ ԵՄ անդամ պետությունները հավաքվեն գագաթնաժողովի, որը նախատեսված է հունիսի 28-29-ը: Կամ` բրիտանացի պաշտոնյաները կարող են մի քանի ամիս սպասել՝ «քաշելու ձգանը»: 50-րդ հոդվածը վկայակոչելուց հետո միայն Բրիտանիան կունենա երկամյա պատուհան՝ բանակցելու նոր պայմանագրի շուրջ ԵՄ անդամակցության պայմանները նորերով փոխարինելու համար: Բրիտանացի և եվրոպացի առաջնորդները պետք է պարզաբանեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` առևտրային սակագները, միգրացիան և ավտոմեքենաներից մինչև գյուղատնտեսության կարգավորումը: Լավագույն սցենարի դեպքում Բրիտանիան կարող է բանակցել՝ մուտք ունենալու եվրոպական շուկա, որն այնքան էլ չի տարբերվում այն ամենից, ինչն ունի երկիրն այսօր: Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն այս երկիրը համաձայնել է ենթարկվել ԵՄ մի շարք կանոնների` եվրոպական ընդհանուր շուկա անարգել մուտք գործելու համար:

Քվեարկությունը ստիպել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնին հրաժարական տալ

Լուսանկարը` Նիկլաս Հալինի /AFP/Getty Images

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ամենևին չէր ուզում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ քվեարկություն անցկացնել: Սակայն 2014 թ. նա ներգաղթի և ԵՄ անդամակցության առնչությամբ աջ պոպուլիստների աճող ճնշման տակ հայտնվեց: Իր կուսակցության ներսում այլախոհներին հանդարտեցնելու և Միացյալ Թագավորության ուլտրաաջ Անկախ կուսակցության (far-right UK Independence Party) առաջխաղացումը կասեցնելու համար Քեմերոնը խոստացավ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել, եթե իր Պահպանողական կուսակցությունը (Conservative Party) հաղթեր 2015 թ. ընտրություններում: Պահպանողականները զարմացրին սոցիոլոգներին՝ բացահայտ մեծամասնություն ապահովելով խորհրդարանում, և Քեմերոնը պահեց իր խոստումը: Սակայն նա անձամբ կողմ չէր ԵՄ-ից դուրս գալուն և ակտիվ քարոզարշավ իրականացրեց «Մնալ» քվեի օգտին: Միևնույն ժամանակ նա իր կառավարության մյուս անդամներին թույլ տվեց քարոզարշավ իրականացնել հակառակ թևում: Հետաքրքրական է, որ Բրիտանիայի կառավարության նույն կուսակցությանը հարող բարձրաստիճան պաշտոնյաները քարոզարշավ էին իրականացնում տասնամյակներ շարունակ Բրիտանիայի քաղաքականության համար մեծագույն խնդիրներից մեկի տարբեր թևերում: Հինգշաբթի՝ արդյունքները պարզ դառնալուց ոչ ուշ, Քեմերոնը հայտարարեց, որ մինչև հոկտեմբեր հրաժարական կտա: Պարզ չէ, թե ինչ տեղի կունենա հետո, բայց հավանական վախճաններից մեկն այն է, որ Քեմերոնին կփոխարինի Պահպանողական կուսակցության մեկ այլ անդամ` Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով գործել է հանուն «Լքել» քվեի: Հնարավոր է նաև, որ Պահպանողական կուսակցությունն այնպես մասնատվի, որ ոչ ոք չկարողանա խորհրդարանական մեծամասնություն ապահովել, ինչի արդյունքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

Բրիտանիայի դուրս գալը խնդիրներ կստեղծի երկրի տնտեսության համար

Կարճաժամկետ հեռանկարում Բրիտանիայի հետագա հարաբերությունների անորոշությունը ԵՄ-ի՝ իր խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ, կարող է Միացյալ Թագավորությունը անկման տանել: Ուրբաթ ֆինանսական շուկայի հսկայական փոփոխություններ նկատվեցին: Նախորդ օրը կայացած քվեարկությունից հետո բրիտանական ֆունտն արժեզրկվեց 9%-ով, իսկ Բրիտանիայի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսը՝ FTSE 100-ը, ուրբաթ արժեզրկվեց 3%-ով: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ֆոնդային ինդեքսը գնահատվում է ֆունտերով, ապա նշանակում է՝ բրիտանական բաժնետոմսերն անփոփոխ գների պայմաններում կարժեզրկվեն 10%-ով:

Եթե Քեմերոնը պաշտոնանկ լինի, ապա ԵՄ-ի հետ բարենպաստ գործարքի շուրջ բանակցելու Բրիտանիայի հեռանկարները կարող են նվազել: Հնարավոր է` ԵՄ-ը որոշում կայացնի տապալել բանակցային գործընթացը՝ երկընտրանքի մեջ դնելու ԵՄ կազմից դուրս գալու մտադրություն ունեցող մյուս երկրներին: Իսկ դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Բրիտանիայում գործող բիզնեսների համար:

«Եթե ներկայումս Մեծ Բրիտանիայում «Նիսան» կամ այլ մեքենայի խոշոր արտադրող եք, ապա անվտանգության և բնապահպանական նույն չափանիշները թույլ են տալիս ձեր ապրանքը վաճառել եվրոպական շուկայում ամենուր»,– ասում է Միջազգային տնտեսագիտության Փիթերսոնի ինստիտուտի տնտեսագետ Յակոբ Ֆանք Քիրքեգարդը: Բայց եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից, «ապա այլևս չեք կարող ձեր ապրանքը վաճառել այլ եվրոպական շուկաներում ոչ այն պատճառով, որ պետք է փոքր տարիֆներ վճարեք, այլ որ պետք է անվտանգության այլ հավաստագրեր ներկայացնեք: Սա վերաբերում է արդյունաբերության բոլոր այն ճյուղերին, որ կարող է մտքներովդ անցնել»:

Ըստ քննադատների՝ հնարավոր են զգալի տնտեսական հետևանքներ: Մեծ Բրիտանիայի կառավարության հաշվարկներով` ԵՄ կազմից դուրս գալով, երկրի տնտեսության անկումը մինչև 2030 թ. կկազմի 3,8-7,5%՝ կախված այն բանից, թե եվրոպական շուկա մուտք գործելու շուրջ բանակցությունները որքանով հաջող կընթանան: Ըստ այլ զեկույցների՝ հետևանքները թեև փոքր-ինչ թեթև, սակայն կրկին զգալի կլինեն:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Աղբյուրը՝ Vox.com


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn