Միջազգային

Բիթքոին եւ բլոկչեյն. Bloomberg

Բիթքոին էլեկտրոնային արժույթը, երբ 2013թ. մուտք գործեց հանրության գիտակցություն, առավել քան հրապուրիչ էր. սա թվային արժույթ է, որով կարելի է գնել ցանկացած բան` թմրանյութերից մինչեւ կեքսեր: Այժմ բիթքոինի շուրջ հետաքրքրության նոր ալիք կա, սակայն ոչ այդքան հրապուրիչ. խոսքը բլոկչեյն գործարքների առցանց գրանցամատյանի մասին է: Բլոկչեյնը (բլոկների շղթա) թվային տեխնոլոգիա է, որը կիրառվում է բիթքոինով կատարվող գործարքները հաստատելու եւ գրանցելու համար, եւ համարվում է, որ ունի համաշխահային ֆինանսական համակարգի եւ, հնարավոր է, այլ ոլորտների վերափոխման ներուժ:

Իրավիճակ

Տարիներ շարունակ անփոփոխ մնալուց հետո` 2017թ. սկզբին, բիթքոինի գինը նոր աճ գրանցեց: Աճը մասամբ կապված էր Չինաստանում բիթքոինի հանդեպ աճող հետաքրքրության հետ, որտեղ այն համարում են պաշտպանություն արժութային վերահսկումից: Սակայն հիմնական հոսքի մեջ թվային արժույթում ներդրում կատարելու ջանքերը խոչընդոտվեցին, երբ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը մերժեց բիթքոինի փոխանակման ֆոնդային բորսա ստեղծելու դիմումը, ինչը դաշտը կբացեր ավելի շատ մանրածախ ներդրողների համար: Միեւնույն ժամանակ, ավելի քան 50 բանկեր, ներառյալ Barclays Bank Plc- ն եւ JPMorgan Chase & Co.- ը, միացել են R3 կոնսորցիումին, որը ստեղծվել է բլոկչեյնի ապակենտրոնացված գրանցամատյանի համար կիրառության ուղիներ փնտրելու նպատակով դրամական փոխանցումներին եւ այլ գործարքներին հետեւելու համար: R3-ն իր ծրագրային կոդը հրապարակայնորեն հասանելի է դարձրել, ինչը կարող է արագացնել դրա լայն կիրառությունը: Nasdaq Inc.- ն արդեն օգտվում է բլոկչեյնից, Chain.com ստարտափի օգնությամբ` մասնավոր ընկերություններում առեւտրային արժեթղթեր ձեռք բերելու համար: Ավստրալիական ֆոնդային բորսան աշխատում է Digital Asset Holdings բլոկչեյն ստարտափի գործարկմամբ` ֆոնդային շուկայում իրացման եւ հաշվարկային ծառայությունների արագացման համար: Բլոկչեյնը փորձարկվում է նաեւ մանրածախ առեւտրով զբաղվող Wal-Mart Stores Inc.- ի կողմից` սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, քանի որ առողջապահության ոլորտից մինչեւ բնական ռեսուրսների կառավարման ոլորտ ուսումնասիրում են, թե ինչ առավելություններ կարող է ունենալ այս տեխնոլոգիան տվյալների ավանդական շտեմարանների համեմատ: Միեւնույն ժամանակ, մեկ այլ` ավելի նոր թվային արժույթ` իթերը (ether), սկսել է ավելի մեծ թափ հավաքել կրիպտոարժույթի շուկայում, իսկ 2017 թ. առաջին հինգ ամսվա ընթացքում ավելի քան 40 նոր տիպի թվային արժույթներ են թողարկվել:

Պատմական ակնարկ

Վիրտուալ արժույթները նոր չեն, առցանց ֆանտազիա խաղերում դրանք վաղուց օգտագործվում են, բայց առանց կենտրոնական թողարկողի անվտանգ թվային արժույթի զարգացումն իսկապես  մտահոգիչ է: Սատոշի Նակամոտո կեղծանվամբ անձը կամ անձինք, ովքեր ստեղծել են բիթքոինի համակարգը, լուծեցին մի խնդիր, որը առանցքային է ցանկացած արժույթի համար. կանխարգելեցին կեղծարարությունը, եւ դա արեցին առանց կառավարության աջակցությանն ապավինելու: Ծրագրային ապահովման միջոցով լուծվեց թվային փողին բնորոշ եւս մեկ խոչընդոտ. ինչպես թույլ չտալ օգտատերերին արժույթի նույն միավորը երկու անգամ օգտագործել: Բեկումնային գաղափարը եղավ բլոկչեյնը, հանրությանը հասանելի, անանուն առցանց գրանցամատյանը, որտեղ գրանցվում է բիթքոինով կատարվող յուրաքանչյուր գործարք: Սա գործարկվում է բիթքոին «մայներների» ցանցի կողմից, որի համակարգիչները կատարում են յուրաքանչյուր գործարքի վավերացման հաշվարկները` կանխելով կրկնակի ծախսումը: Մայներների վաստակը փոխհատուցվում է նոր թողարկվող բիթքոինով: Բիթքոինի թողարկումը սահմանափակ է` ոչ ավել, քան 21 միլիոն բիթքոին:

Փաստարկ

Բիթքոինի առաջին բումի ժամանակ նրա աճը փուչիկ որակելու եւ նրա ներքին արժեքի բացակայության շուրջ քննադատությունների պակաս չկար: Սակայն ըստ ոլորտի ձեռնարկատերերի` բիթքոինի արժեքի վրա սեւեռվելը թույլ չի տալիս տեսնել ամենակարեւորը. նրա արժեքը արդարացված է վճարման նոր համակարգով, որը կախված չէ երրորդ կողմից` կառավարություններից, մեծ բանկերից կամ վարկային կազմակերպություններից: Բլոկչեյնի խոստումնալից աշխատածրագրերը ներառում են արտերկիր դրամական փոխանցումներ կատարելը, պայմանագրեր կնքելը, բարդ ֆինանսական գործարքներ իրականացնելը եւ զարգացող երկրներում միկրո-վճարումներ կատարելու համար որպես միջոց  հանդիսանալը: Ըստ այլ կարծիքների`բլոկչեյնի կողմնակիցներն ուռճացնում են մի բան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ տվյալների նոր տիպի բազա: Իթերի կողմնակիցներն էլ ասում են, թե այս արժույթի (իթերի) բլոկչեյնն անում է շատ ավելին, քան զուտ մեկը մյուսին արժեք ուղարկելու հնարավորություն տալն է: Սրա կողմնակիցները կարծում են, որ այն կարող է լինել համընդհանուր հասանելի մեքենա` բիզնես վարելու համար, քանի որ տեխնոլոգիան թույլ է տալիս մարդկանց ավելի բարդ գործողություններ կատարել միասնական եւ ապակենտրոնացված ձեւով:

Բացատրիր ինչ է բիթքոինը` ասես 5 տարեկան եմ

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Հեղինակներ` Օլգա Խարիֆ եւ Մեթյու Լիզինգ

Սկզբնաղբյուր` Բլումբերգ

Թարգմանիչ՝  Կարինե Դարբինյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Սույն նյութի թարգմանության հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Ampop.am պարբերականի նյութերն ու վիզուալ պատկերներն արտատպելիս՝ պարտադիր է պատշաճ հղումը սույն կայքին։


Հրապարակվել է` 05/09/2017