Տնտեսություն

Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններ

Լուսանկարը` President.am

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած փակ սահմանները՝ Հայաստանի համար Իրանը կարեւորագույն դերակատար է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Իրանը մշտապես հանդես է եկել հավասարակշիռ կեցվածքով՝ պարբերաբար հայտարարելով, որ պատրաստ է լինել միջնորդ, ինչպես 90-ականների սկզբին։

Իրավիճակ

Իրանի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, թեպետ 2016թ. երկու երկրների առեւտրաշրջանառության մեջ նկատվում է նվազում: 2015թ-ի համեմատ 2016թ-ին առեւտրաշրջանառությունը նվազել է 15%-ով՝ կազմելով ընդամենը 239 միլիոն դոլար (պատկերում ներմուծումը ներկայացված է ըստ առեւտուր անող երկրի)։

image-2853

Թեհրանի միջուկային ծրագրի հետեւանքով Իրանի նկատմամբ աշխարհի գերտերությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ռուսաստան) կողմից տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցների չեղարկումը 2015թ., Իրանին կրկին հնարավորություն տվեց վերականգնել երբեմնի զբաղեցրած դիրքը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ): Ավելին, երկրի Նավթի նախարարությունը հավակնություններ ունի մինչեւ 2021 թ. նավթի արտադրությունը ավելացնել 20%-ով:


կարդացեք նաեւ Իրանական նավթ


Իրանի ու «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնությունը դրական արձագանք գտավ նաեւ Հայաստանում։ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը, ողջունելով այս պայմանավորվածությունը, հույս հայտնեց, որ սա հավելյալ խթան կդառնա Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար: Երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների բաղադրիչը մեծ առաջընթացի հնարավորություն ունի։ Հայաստանը, մասնավորապես, ակնկալում է Իրան-Եվրոպա էներգետիկ համագործակցության մաս կազմել, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել Իրանի համար լինել «դարպաս» դեպի Եվրասիական տնտեսական միության 200 միլիոն բնակչությամբ շուկա։

Էներգետիկ համագործակցության մասով հետաքրքրությունը, կարծես, երկուստեք է: Իրանական կողմը 2016թ. սկզբին հայտարարեց Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու իր հետաքրքրվածության մասին, իսկ արդեն նույն տարվա նոյեմբերին Հայաստանն ու Իրանը նախաստորագրեցին գազի առքուվաճառքի եւ տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ 2016թ. աշնանը  մեկ այլ հայ-իրանական պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանում իրանական կապիտալով 50 ՄՎտ հզորությամբ հողմային կայաններ կառուցելու հնարավորությունները։ Իրանը կարեւոր դեր ունի նաեւ Հայաստանի տրանսպորտային խոշոր ծրագրերում, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցապատման աշխատանքներում։


կարդացեք նաեւ Մեկուսացնելով Հայաստանը. Հյուսիս-հարավ տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրեր


Հայաստանից Իրան մատակարարվող հիմնական ապրանքատեսակը էլեկտրաէներգիան է, որի դիմաց, սակայն, Հայաստանը ստանում է ոչ թե գումար, այլ իրանական գազ։ Այս դեպքում 1 խորանարդ մետր գազը փոխանակվում է 3 կիլովատ էլեկտրաէներգիայով:  Էլեկտրաէներգիայից բացի, Հայաստանից Իրան են արտահանվում մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր եւ այլն: Իրանից ներմուծվում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն եւ այլն: Հայաստանում 1992թ-ից գործում է իրանական «Մելլաթ» բանկը, որի կանոնադրական կապիտալը գերազանցում է 32 միլիարդ դրամը։

Զբոսաշրջության առումով Իրանը նույնպես մեծ դեր ունի Հայաստանի տնտեսությունում։ 2016թ. Իրանից ժամանած զբոսաշրջիկների մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջիկների թվում կազմում է 17%: Իրանցիները, մասնավորապես, Հայաստան են գալիս տոնելու իրանական նոր տարին՝ Նովրուզ Բայրամը։ Տոնը սկսվում է մարտի 21-ից ու տեւում 13 oր։ Տարբեր հաշվարկներով՝ Նովրուզ Բայրամը տոնելու համար Հայաստան է ժամանում 20-25 հազար իրանցի՝ այստեղ անցկացնելով առնվազն 4 oր։

Պատմական ակնարկ

Իրանը ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո 1992թ. ապրիլին Երեւանում դեսպանատուն բացեց։ Նույն թվականին Իրանում էլ բացվեց Հայաստանի դեսպանատունը։ 1996թ. շահագործման հանձնվեց Արաքս գետի վրա երկու երկրների կողմից կառուցված կամուրջը։ 2007թ. երկու երկրների առաջին դեմքերի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան գազատարի պաշտոնական բացման արարողությունը։ Մեկ տարի անց շահագործման հանձնվեց գազատարի երկրորդ հատվածը։  Հայաստանի ու Իրանի բարձրագույն ղեկավարներն անկախությունից ի վեր երկկողմանի այցեր են կազմակերպել։ Վերջին այցը տեղի է ունեցել 2016թ. դեկտեմբերին, երբ Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Ազգային վիճակագրական ծառայությունում Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության մասին տվյալներ հասանելի են 1995թ-ից։ 1995թ. Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմում էր շուրջ 35 հազար դոլար։ Թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալներն ավելացան 2011թ. վառելանյութերի, նավթի, նավթամթերքի առեւտրի աճի հաշվին։ Հայաստան-Իրան ամենախոշոր արտահանումը՝ շուրջ 109 մլն դոլարի չափով, գրանցվել է 2012թ.։ Սակայն վերջին չորս տարիներին, արտահանման ծավալները շարունակաբար նվազել են` 2016թ. կազմելով շուրջ 75 մլն դոլար։

2008թ. հայկական կողմը հայտարարել էր Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու իր հետաքրքրության մասին: Այս նպատակով ստեղծվել էր «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն, որը պետք է զբաղվեր երկաթուղու աշխատանքներով, սակայն 2017թ. հունվարին կառավարության որոշմամբ այն լուծարվեց` երկաթուղու կառուցման ապագան դարձնելով անորոշ։

Հայ-իրանական համագործակցության առայժմ սառեցված նախագծերից է Արաքս գետի վրա նախատեսվող երկու հիդրոէլեկտրոկայանի կառուցումը` Մեղրիի ՀԷԿ-ը հայկական կողմում եւ Ղարաչիկարի ՀԷԿ-ը իրանական կողմում: Այս 100 ՄՎտ հզորությամբ ՀէԿ-երի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման հաստատումը տեղի է ունեցել դեռ 2008թ.: Իսկ 2012թ. կազմակերպվել է նաեւ Մեղրիի կառուցվելիք ՀԷԿ-ի  հիմնարկեքը, որին մասնակցել են նաեւ նախագահ Սարգսյանն ու երկու երկրների էներգետիկայի նախարարները: ՀԷԿ-ը պետք է շահագործման հանձնվեր 5 տարի անց, այսինքն 2017թ.: Սակայն մինչ օրս շինարարությունը գտնվում է պասիվ փուլում:

Փաստացի

2016թ. դեկտեմբերին, Հայաստանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի պաշտոնական այցելության ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայ-իրանական տնտեսական ֆորումի ընթացքում իրանցի գործարարներին կոչ արեց ներդրումներ կատարել Հայաստանում՝ ավելացնելով, որ ինքն անձամբ վերահսկողություն կսահմանի դրանց նկատմամբ։

image-2854
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, 21.12.2016թ. (լուսանկարը` President.am)

Իրանցի գործարարներին շահագրգռելու համար Սարգսյանը հիշեցրեց նաեւ ԵՏՄ-ին ու GSP+ համակարգին Հայաստանի անդամակցության մասին, առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունները։ Նախագահ Ռոհանիի դեկտեմբերյան այցի ընթացքում քննարկվեց նաեւ Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի տարանցման հնարավորությունը, եւ ստորագրվեցին համագործակցության մի շարք հուշագրեր:

2017թ. աշնանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում, ՀՀ կառավարությունը նախատեսում է հիմնել ազատ տնտեսական գոտի։ Ընդհանուր առմամբ, այս ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվում է 32-35 մլն դոլար։

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Մկրտիչ Կարապետյանը 

Ինֆոգրաֆիկան` Նարե Հովհաննիսյանի

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn