Քաղաքական

ԱԺ ընտրությունների արդյունքներ. #armvote2017 ինֆոգրաֆիկա

Լուսանկարը` Ֆոտոլուրի

թարմացվել է ապրիլի 5-ին

Ապրիլի 2-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, 6-րդ գումարման Ազգային ժողովը կձեւավորվի 4 քաղաքական ուժերից` ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը, որոնք բավարար քվե չհավաքեցին, ընտրությունների արդյունքները բողոքարկելու պահանջով, կարծես, հանդես չեն գալու: Հետընտրական բողոքի ցույցեր նույնպես նախատեսված չեն: Մինչդեռ նախորդ բոլոր համապետական ընտրություններից հետո, եզակի բացառություններով, ընդդիմադիր ուժերը բողոքարկել են դրանց արդյունքները թե’ հանրահավաքների միջոցով, թե’ Սահմանադրական դատարանում։

Իրավիճակ

Ապրիլի 2-ի ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,588,590 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1,574,947-ը կամ 60,86%-ը: ԱԺ ընտրությունները տեղի ունեցան Հայաստանում ձեւավորված 13 ընտրական տարածքներում առկա 2009 տեղամասերում: Քաղաքացիները հնարավորություն ունեցան քվեարկելու ընտրություններին մասնակցած 9 կուսակցություններից/դաշինքներից միայն մեկի օգտին:

Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որով երկրի նախագահի լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի եւ Ազգային ժողովի:


կարդացեք նաեւ  ԱԺ ընտրություններ 2017. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս


Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալների, բավարար քվե ստացած 4 քաղաքական ուժերն ունեն հետեւյալ արդյունքները` Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 49,12%, «Ծառուկյան» դաշինք` 27,32%, «Ելք» դաշինք` 7,77% եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 6,57%: Բավարար քվե չեն ստացել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Անվավեր է ճանաչվել 6701 քվեաթերթիկ (մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում):


կարդացեք նաեւ  Կուսակցականացող Հայաստան․ ի՞նչ է առաջարկում նոր օրինագիծը


Դիտորդների գնահատականը

Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել 49 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություն:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) իր դիտորդական առաքելության արդյունքում ներկայացրել է ընտրությունների ընթացքում արձանագրած հիմնական խախտումները: Դրանք են՝ ընտրակաշառքի մասին վստահելի տեղեկությունները, ճնշումները հանրային ոլորտի ծառայողների հանդեպ, կուտակումները ընտրատեղամասերում, կուսակցությունների ներկայացուցիչների միջամտությունը քվեների հաշվարկին:

Ընտրակաշառքը որպես ընտրախախտում է գրանցել նաեւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը: Ըստ պատվիրակության ներկայացուցիչների, եղել են ընտրողներին կաշառելու եւ վախեցնելու մասին հավաստի տեղեկություններ (դպրոցներ, հիվանդանոցներ, մասնավոր ընկերություններ)։

Իսկ ըստ ԵԽԽՎ դիտորդական առաքելության, չնայած իշխանություններն ապահովել են ընտրողների իրազեկվածությունը նոր օրենսդրության եւ քվեարկության ընթացակարգերի վերաբերյալ, սակայն դա չի երաշխավորել ընտրական գործընթացի հուսալիությունը եւ ամբողջականությունը: Ըստ առաքելության ներկայացուցչի՝ քարոզարշավը կենտրոնացած է եղել անձանց, այլ ոչ թե ծրագրերի վրա, իսկ լրատվամիջոցներում արդյունավետ քննարկումներ չեն եղել:

Չնայած եվրոպական դիտորդական առաքելությունների կողմից արձանագրված ընտրախախտումներին, ընտրակաշառքի հավաստիության պնդումներին, ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների անցկացումը գնահատել է ազատ եւ թափանցիկ, ինչով, ըստ ԱՊՀ դիտորդների, Հայաստանը նույնիսկ գերազանցեց արեւմտյան երկրներին:

Տեղական դիտորդական կազմակերպություններից «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարել է, որ անցկացված խորհրդարանական ընտրությունները «չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»: Նախաձեռնության 3112 դիտորդները դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրատեղամասերում, արձանագրել են 2131 խախտում:

Ապրիլի 3-ի տվյալներով, Ազգային ժողովի ընտրությունների օրը եւ հետընտրական ժամանակահատվածում Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում։ Իսկ Քննչական կոմիտեում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 197 հաղորդում, հարուցվել է 6 քրեական գործ:

Ապրիլի 4-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարություն հրապարակեց նաեւ Եվրամիության խոսնակը: Ըստ նրա, ընտրությունները լավ կազմակերպված էին, իսկ դրանց արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: «Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստարկ

Նորընտիր խորհրդարանում պատգամավորական մանդատների վերջնական բաշխման մասին ԿԸՀ-ն կհայտարարի ապրիլի 9-ին: Եթե մինչ այդ օրը չլինի ընտրությունների արդյունքների բողոքարկում Սահմանադրական դատարանում, ապա արդեն իսկ ձևավորված նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը կհրավիրի ապրիլի 9-ից հետո երրորդ հինգշաբթի օրը` ապրիլի 27-ին: Նախնական տվյալներով, նոր խորհրդարանը կազմված կլինի 105 պատգամավորից. ՀՀԿ-ն կունենա 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը` 9 եւ ՀՅԴ-ն` 7 պատգամավոր:

Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 94


Պատգամավորի վարձատրության չափը սահմանվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձնանց վարձատրության մասին» օրենքով, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնող անձի բազային աշխատավարձը բազմապատկվում է համապատասխան գործակցով: Ըստ պետական բյուջեի, 2017 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 դրամ, իսկ պատգամավորի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 10 է:

Հետեւաբար 2017թ. պատգամավորների աշխատավարձը կկազմի 661,400 դրամ (ներառյալ հարկերը):

Նոր վարչապետի նշանակումը և կառավարության ձևավորումն առայժմ կկատարվի հին՝ 2005թ. Սահմանադրությամբ, որի համաձայն՝ նախագահը վարչապետ է նշանակոմ այն անձին, ով վայելում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Ըստ բաշխված պատգամավորական մանդատների՝ ՀՀԿ կազմում է կայուն մեծամասնություն և առանց այլ կուսակցության կամ դաշինքի հետ կոալիցիա կազմելու կարող է միայնակ ձեւավորել կառավարությունը: Իսկ 2018թ., երբ գործող նախագահի լիազորություններն ավարտվեն, նոր նախագահին եւս կընտրի 2017թ. ձեւավորված ԱԺ-ը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նորընտիր խորհրդարանի պատգամավորների նախնական ցանկը
  • «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ինտերակտիվ քարտեզը Խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ

Ամփոփեցին Աստղիկ Գեւորգյանը եւ Սուրեն Դեհերյանը

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 03/04/2017