Տնտեսություն

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր

Ո՞րն է հիմնական տարբերությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Բրյուսել, 27.02.2017թ. /Reuters/

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շուրջ 4 տարի շարունակ ընթացող բանակցությունները, կարծես թե, ավարտական փուլում են: Կողմերը հայտարարել են, որ փաստաթղթի շուրջ վերջնական համաձայնության կգան 2017թ. նոյեմբերին եւ, հավանաբար, պատրաստ կլինեն նաեւ ստորագրելու այն: ՀԸԳՀ-ը կամ Գործընկերության համաձայնագիրը, այսպես ասած, «թեթեւացված» տարբերակն է նախորդ` այդպես էլ չստորագրված «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի», որի շուրջ բանակցությունները սառեցվեցին 2013թ. աշնանը՝ նախատեսված ստորագրումից շաբաթներ առաջ,  երբ Հայաստանի նախագահը շատերի համար անսպասելի քաղաքական քայլ կատարեց` հայտարարելով Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Ampop.am-ը փորձել է պարզել, թե Հայաստան-ԵՄ ներկա փաստաթղթի ստորագրման արդյունքում ինչպիսի հարաբերություններ կձեւավորվեն կողմերի միջեւ:

Նախորդ եւ ներկա համաձայնագրերի տարբերությունը

2017թ. նոյեմբերի վերջին Բրյուսելում կկայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որի շրջանակներում էլ նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը: Ampop.am-ի հարցին ի պատասխան` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Գործընկերության համաձայնագիրը հենց այն նոր ձեւաչափն է, որի մասին խոսվում էր Ասոցացման համաձայնագրի չստորագրումից հետո.

«1997թ. Համագործակցության եւ գործընկերության համաձայնագիրը, որով կարգավորվում են ԵՄ-Հայաստան ներկա հարաբերությունները, թարմացման կարիք ունի: Մարտին նախաստորագրված ՀԸԳՀ-ն կլինի ժամանակակից, համապարփակ եւ հավակնոտ համաձայնագիր, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն»:

Չնայած նախորդ՝ «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի» (Ասոցացման համաձայնագիր) տեքստը մինչ օրս հրապարակված չէ, սակայն դրա ընդհանուր նկարագրությունը եւ հրապարակված նոր համաձայնագրի տեքստը համեմատելով՝ կարելի է առանձնացնել մի քանի գլխավոր տարբերություն:

Նախ՝ Ասոցացման համաձայնագիրը դասական ազատ առեւտրի համաձայնագիր էր, որն ուներ տնտեսական եւ քաղաքական մասեր: Գործընկերության համաձայնագիրը հիմնականում ուղղված է քաղաքական համագործակցությանը, չնայած կա նաեւ տնտեսական բաղադրիչ: Ըստ դեսպան Սվիտալսկու, գրեթե փոփոխությունների չի ենթարկվել նախորդ պայմանագրի քաղաքական մասը: Քաղաքական մաս նշանակում է անվտանգության զարգացում, արժեհամակարգային համագործակցություն՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն:

Նախորդ պայմանագրով, եվրոպական շուկա մտնելու համար Հայաստանին տրվելու էին տնտեսական լրացուցիչ արտոնություններ: Ըստ ԵՄ պատվիրակության ղեկավարի. «Ասոցացման համաձայնագիրը նպատակ ուներ բարձրացնել երկու կողմերի տնտեսություններում առևտրի և ներդրումների արդյունավետությունը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի աստիճանական ինտեգրմանը ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկային: Գործընկերության համաձայնագրում առևտրային դրույթները մանրակրկիտ ծանրութեթեւ են արվել՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները: Ահա թե ինչու չկա սակագների ազատականացում կամ ապրանքների համար պարտադիր տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցում, որը նախատեսված էր  նախորդ փաստաթղթով: Բայց Հայաստանը շարունակում է օգտվել ԵՄ-ի կողմից տրամադրվող միակողմանի սակագնային լայն արտոնություններից GSP+ ռեժիմի շրջանակներում»:

Ասոցացման համաձայնագրով շարքային քաղաքացիների վրա ազդեցությունը կլիներ այն, որ ապրանքների որակը եւ չափանիշները կբարձրանային եվրոպականի մակարդակի: Հնարավոր է, Վրաստանի օրինակով վիզայի ազատականացման ռեժիմ սահմանվեր: Իսկ Գործընկերության պայմանագիրը, ըստ դեսպան Սվիտալսկու, չի նախատեսում վիզայի ազատականացում, այլ ընդամենը վիզային ռեժիմի դյուրացում: Ազատականացումը կլինի աստիճանական, երբ Հայաստանը պատշաճ կատարի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Նախորդ համաձայնագրով նախատեսվում էր հայկական շուկայի ազատականացում, ինչը նոր ներդրումներ կբերեր: Չնայած Գործընկերության համաձայնագրում տնտեսական բաղադրիչն ավելի թույլ է նախորդի համեմատ, սակայն այն պարունակում է վերահսկողության միջոցառումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք  են ծառայությունների առեւտուրը, մրցակցությունը, պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները, հանրային գնումները եւ այլն:

«Այս միջոցառումները հիմնված են միջազգային եւ Եվրամիության ժամանակակից ստանդարտների վրա եւ երբեմն նույնիսկ ավելի հավակնոտ են, քան ԱՀԿ-ի դրույթները: Գործընկերության համաձայնագրի առեւտրային դրույթները կարգավորվում են նաեւ վեճերի լուծման ինքնաբուխ եւ պարտադիր մեխանիզմներով:

Այդ ամենի նպատակն է` ստեղծել անհրաժեշտ բիզնես-միջավայր Հայաստանից արտահանումը մեծացնելու եւ դեպի Հայաստան ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», -նշել է Սվիտալսկին:

ԵՄ-Հայաստան նոր պայմանագիրն ըստ փորձագետների

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, ԵՄ-Հայաստան համագործակցության համաձայնագրի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա մեծապես կախված է կառավարության քայլերից, վերջինիս ընդառաջ գնալու պատրաստակամությունից: Տնտեսական բաղադրիչներում խնդիրները լուծվելու են համատեղ քննարկումների արդյունքում, ինչը բավականին հետաքրքիր մոտեցում է ԵՄ-ի կողմից: «Հաջողության դեպքում, այն [համաձայնագիրը] ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի սկզբունքների համատեղելիության լավագույն օրինակը կլինի եւ կհերքի «կամ-կամ»-ի մոտեցումը, որը ԵՄ-ը ցուցաբերել էր 2013թ.: Սա այն տարբերակն է, որ թույլ է տալիս Հայաստանին օգտագործել «եւ-եւ» տարբերակը»:

Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային Կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը կարծում է, որ Գործընկերության համաձայնագիրը փոխշահավետ գործարք է Հայաստանի եւ Եվրամիության համար, հիմնականում երկարաժամկետ հատվածում:

«Հնարավոր դրական էֆեկտը պայմանավորված կլինի ոչ թե ապրանքային առեւտրով, այլ ծառայություններով: Ծառայությունների համար դրված պահանջները համաձայնագրում ավելի կոշտ են: Ներկայումս Հայաստանի ծառայությունների արտահանումն ու ներկրումն այնքան էլ զարգացած չեն, ուստի սա զարգացման մեծ հնարավորություն կտա՝ ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու շնորհիվ»:

Անդրադառնալով այս համաձայնագրից Եվրամիության տնտեսական ակնկալիքներին` փորձագետը կարծում է, որ ԵՄ-ը Հայաստանի միջոցով ավելի կմոտենա Իրանի շուկային: Հայաստանի տնտեսական ինստիտուտների զարգացման շնորհիվ Հայաստանը կդառնա Իրանի տնտեսությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտներին համապատասխանեցնող միջնորդ երկիր, քանի որ Իրանը դեռեւս ԱՀԿ անդամ չէ: Սրանով ԵՄ-ը նաեւ Հայաստանին այլընտրանք է տալիս թուլացնելու ռուսական շուկայից կախվածությունը:

Համաձայնագրի շուրջ ռուսական մամուլի կեղծ շեշտադրումները

Համաձայնագրի նախագծի տեքստի հրամապարակումից կարճ ժամանակ անց հանրային բուռն եւ հիմնականում բացասական երանգով քննարկում ծավալվեց փաստաթղթում առկա մասնավորապես մեկ հարցի` Հայաստանի Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) փակման շուրջ:

Դրան նպաստեցին ռուսական ԶԼՄ-ները, որոնք առիթը բաց չթողեցին ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության «վնասակարությունը» եւս մեկ անգամ ընդգծելու համար` հաշվի առնելով այն փաստը, որ ատոմակայանի հետ կապված ցանկացած հարց հուզում է հայ հանրությանը` անցյալի դառը փորձի պատճառով, երբ 1989-95թթ. ատոմակայանի փակումը երկիրը կանգնեցրեց էներգետիկ ճգնաժամի առջեւ:

Օրինակ «Regnum» ռուսական տեղեկատվական գործակալությունը ատոմակայանի փակման վերաբերյալ իր հոդվածը վերնագրել էր «ԱԷԿ-ի սպանությունը. Եվրամիությունը Հայաստանին դարձնում է Թուրքիայի և Ադրբեջանի գերին».

Մինչդեռ փաստաթղթի տեքստից հասկանալի է, որ ԵՄ-ը չի պատրաստվում «ստիպել Հայաստանին վերացնել էներգիայի իր աղբյուրը», ինչպես որ գրված է հոդվածում: Հայաստանի կառավարությունը ատոմակայանի փակման ռազմավարությունը հաստատել է դեռևս 2007թ.: Իսկ 2027թ. լրանում է ատոմակայանի երկարաձգված շահագործման ժամկետը: Իրականում ԵՄ-ն, համաձայնագրի այս կետով, նախատեսում է աջակցել Հայաստանին՝ իրագործելու այս ռազմավարությունը:

Ռուսական «Sputnik Armenian»-ի հոդվածում շեշտվում է այն միտքը, որ Ռուսաստանի շնորհիվ Հայաստանի ատոմակայանը կգործի ևս 10 տարի և Հայաստանը «կփրկվի» մութ ու ցուրտ տարիներին վերադառնալուց: Մինչդեռ հոդվածում շեշտվում է, որ Եվրամիությունը, դրան հակառակ, պահանջում է փակել ատոմակայանը՝ դրանով ցանկանալով «վատացել Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը և դիրքերը տարածաշրջանում»: Հոդվածի հայերեն տարբերակը հենց այդպես էլ վերնագրված է.«ԵՄ-ն նոր «ցուրտ ու մութ» տարիներ է խոստանում Հայաստանին»:

Մինչդեռ ՀՀ-ԵՄ համաձայնագրով փաստացի չեն սահմանվում ատոմակայանի փակման ժամկետներ, չի սահմանափակվում նաեւ նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը: Համաձայնագիրը շեշտը դնում է էներգետիկ ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցության վրա:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց՝ Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn