Քաղաքական

3 ելույթ, 3 բառաքարտեզ. Հայաստան-Սփյուռք համաժողով

Սեպտեմբերի 18-ին մեկնարկած Հայաստան-Սփյուռք եռօրյա համաժողովը թվով 6-րդն էր, որի կարգախոսն էր «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն»:

Ըստ Սփյուռքի նախարարության, Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների եւ համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի եւ հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ: Պաշտոնական տվյալներով մասնակիցների թիվը 1500 է` աշխարհի 70 երկրից:

Համաժողովի ընթացքում նախատեսված են 16 թեմատիկ քննարկումներ 4 հիմնական ուղղություններով՝ 1) Հայաստանի տնտեսության զարգացում, 2) տարածաշրջանային մարտահրավերներ եւ ազգային անվտանգություն, 3) արտաքին քաղաքականություն եւ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացում եւ 4) հայապահպանության հիմնախնդիրներ:

Հայաստան-Սփյուռք համաժողովի բացմանը ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ելույթները բազմաթիվ քննարկումների եւ վերլուծությունների առիթ տվեցին: Ամփոփ մեդիան ներկայացնում է այս երեք ելույթները բառաքարտեզների տեսքով: Պատկերները ցույց են տալիս, թե ելույթ ունեցողները հատկապես որ բառերն են ավելի հաճախ օգտագործել իրենց ելույթում, հետեւաբար շեշտադրում արել այդ բառի վրա:

Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահն այս համաժողովը կարեւորեց՝ որպես Հայաստան-Սփյուռք ռազմավարական համագործակցության հարթակ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համայնքների զարգացման համար:

«Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,- Չարենցի հայտնի տողերը յուրովի ներկայացրեց նախագահ Սարգսյանը: Մինչդեռ համաժողովի մեկնարկի օրը ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դժգոհում էր, որ իրենք հրավիրված չեն համակայկական այդ համաժողովին, քանի որ գործող իշխանությունը բազմակարծություն չի հանդուրժում:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորեց նաեւ Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի երիտասարդների համագործակցությունը: Նա անդրադարձավ ապրիլյան պատերազմին, հայ-թուրքական հարաբերություններին՝ շեշտադրելով, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ արցախյան խնդրի լուծմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում, ըստ նախագահի, քայլը պետք է անի հենց Թուրքիան, քանի որ նա է կասեցրել սահմանների բացմանն ուղղված քաղաքականությունը:

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն եւ ժողովրդավար»,-այսպես է ներկայացնում նախագահը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ըստ նրա, 2015թ. Սահմանադրության փոփոխությունը «հեղափոխական բարեփոխումների հիմք է դարձել պետական կառավարման, հանրային կյանքի եւ քաղաքական բնագավառներում»: Նախագահը նշում է, որ պետք է կատարելագործվեն «ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, իշխանությունների պատասխանատվության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հասունության իրողությունները»:

Հատկապես շատ քննարկվեցին նախագահ Սարգսյանի այն խոսքերը, թե 2040թ. Հայաստանը պետք է ունենա 4 միլիոն բնակչություն: Նշենք, որ այս նպատակին հասնելու համար նախագահը կարեւորեց ոչ միայն բնական աճի խթանումը, այլեւ Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի կազմակերպումը, որին էլ պետք է նվիրված լինի հաջորդ համաժողովը:

Նախագահն իր հաջորդ կոչն ուղղեց Սփյուռքի այն հատվածին, որը ցանկանում է Հայաստանում ներդրումներ անել, գործարարությամբ զբաղվել եւ գումար աշխատել: Ըստ նրա, կառավարությունը աջակցություն կցուցաբերի բոլոր ներդրումային ծրագրերին՝ անկախ ներդրման ծավալից:

Սերժ Սարգսյանն իր ելույթն ավարտեց՝ մատնանշելով Հայաստանի զարգացման իր տեսլականը. «Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր»:

Արամ Ա

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, այլ կերպ ներկայացրեց իր պատկերացրած Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: Նրա կարծիքը, թվում էր, կիսում են նաեւ համաժողովին մասնակից սփյուռքահայերը: Դրա մասին էին վկայում ելույթին ուղեկցող ծափերը, իսկ ավարտին՝ հոտնկայս ծափահարությունները:

 

Արամ Ա-ն, որպես Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիք մատնանշեց Հայաստանի եւ Սփյուռքի ժողովրդագրական վիճակի վատթարացումը՝ արտագաղթը եւ «Սփյուռքի մաշվելը»: Կաթողիկոսը կողմնակից է, որպեսզի Հայաստանն առաջին հերթին ընկալվի որպես հայերի հայրենիք, այլ ոչ թե առաջնահերթությունը դրվի պատահական բիզնես ներդրումների, անցողիկ մշակութային ու սպորտային միջոցառումների վրա: «Հայաստանի անվտանգությունը նախեւառաջ պետք է ենթադրի ժողովրդի կապվածությունը հողին՝ Հայաստանին»,-շեշտեց Մեծի Տանն Կիլիոկիո Կաթողիկոսը: Ըստ նրա, արտագաղթի կասեցումը եւ բնակչության թվաքանակի ավելացումը պետք է հստակ մշակված ծրագրով իրականացվի եւ անպայման ուղեկցվի Հայաստանի տնտեսական զարգացմամբ եւ Սփյուռքի հզորացմամբ:

Ըստ նրա, պետք է ներդրումներն ու գործարարությամբ զբաղվելն էլ լինեն հստակ մշակված երկարաժամկետ ծրագրով: Բացի այդ, նա կարեւորեց նաեւ Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի կառավարման կառույցներում, պաշտպանության կազմակերպմանը: Միայն ամբողջական եւ համապարփակ համագործակցությամբ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը լիարժեք իմաստ կստանա: Ըստ Արամ Ա-ի, այդ համագործակցությունը ենթադրում է նաեւ միացյալ ուղղագրության հաստատում արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հիման վրա:

Ըստ էության, Արամ Ա-ի կոչն էր՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի:

«Չվստահենք աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված ուրիշների բարեկամությանը, վստահենք մեր սեփական ուժին, միասնականությանը, հավատքին,  վճռականությանը»,-կոչ արեց Կաթողիկոսը:

Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչը տարընթերցումների առիթ տվեց: Կաթողիկոսը կոչ արեց չհիասթափվել հայրենիքից «ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով»: «Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջեւ է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը»,-նշեց նա:

Գարեգին Բ-ն նշեց նաեւ, որ թե՛ Հայաստանում բնակվողը, թե՛ սփյուռքահայը հայրենիքի եւ ազգի հանդեպ կրում են նույն պատասխանատվությունը: Թերեւս այստեղ է, որ շատ սփյուռքահայերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք չեն մասնակցում Հայաստանի կառավարմանը, սակայն իրենցից ներդրումներ ու հավասար պատասխանատվություն են պահանջում: Այս էր պատճառը, որ կառավարման կառույցներում սփյուռքահայերի մասնակցության վերաբերյալ՝ Արամ Ա-ի առաջարկությունը ոգեւորությամբ ընդունվեց սփյուռքահայերի շրջանում:

Ինչ վերաբերում է հենց սփյուռքահայերին, ապա Հայաստանում ներդրումներ անելու գլխավոր եւ առաջին նախապայմանը նրանք համարում են դատական անկախ համակարգի կայացումը: Ըստ նրանց, բիզնես սկսելու համար Հայաստանում բարենպաստ միջավայր կլինի այն ժամանակ, երբ իրենք իմանան, որ հնարավոր վեճերը կլուծվեն արդարությամբ, այլ ոչ թե կոռուպցիայով կամ հովանավորչությամբ:

Ampop Media

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/09/2017