Տնտեսություն

Բյուջե 2018. եկամուտ, ծախս, դեֆիցիտ

Տնտեսությունն ու պաշտպանությունը առաջին գծում

Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, որի արդյունքում կառավարության ներկայացրած նախագիծը հնարավոր է լրացումների կամ կրճատումների ենթարկվի: Սակայն տարիների օրինաչափությունը ցույց է տալիս, որ կառավարության առաջարկած բյուջեի նախագծերը ԱԺ-ում մեծ փոփոխությունների չեն ենթարկվում և լրացումները չեն ազդում դրանց հիմնական տրամաբանության վրա: Ինչեւէ, պետության գալիք տարվա գլխավոր փաստաթուղթը վերջնականապես կհաստատվի տարեվերջին: Ի՞նչ միտումներ և առանձնահատկություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության առաջարկած բյուջեի նախագիծը:

Իրավիճակ

2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայն, եկամտային մասը կկազմի 1տրլն 307.3 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրլն 464.2 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 156.8 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ  ընթացիկ՝ 2017թ. բյուջեի համեմատ եկամուտներն աճելու են 97.3 մլրդ-ով, ծախսերը՝ 104 մլրդ-ով, դեֆիցիտը՝ 6.8 մլրդ դրամով:

Բյուջեում եկամտային մասի 97.3 մլրդ դրամի աճը նախատեսվում է ապահովել նաեւ մի քանի հարկատեսակի դրույքաչափերի ավելացման աճի հաշվին: Մասնավորապես, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը, որը վերաբերում է սպիրտային խմիչքներին, ծխախոտային արտադրանքին, բենզինին, դիզվառելիքին և մի շարք այլ ապրանքատեսակներին:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի գնահատմամբ՝ ակցիզային հարկի գծով նախատեսվում է 16.74 մլրդ դրամ հարկային եկամտի աճ, օղու գծով՝ 1.86, ծխախոտի՝ 4.67, բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.93 մլրդ դրամ, սեղմած գազի գծով՝ 7.35 մլրդ դրամ: Համաձայն պաշտոնական աղբյուրների, հարկային օրենսգրքի փոփոխություններն արվել են ԵՏՄ պահանջներին համապատասխանելու համար:

Ինչեւէ, 2016թ. վերջին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանի կաբինետի ներկայացրած 2017թ. բյուջեն բնորոշվեց որպես «կոշտ» բյուջե, կամ՝ «գոտիները ձգելու ժամանակն է»: 2018թ. բյուջեն էականորեն տարբերվելու է նախորդից՝ մի քանի ոլորտներում ֆինանսավորման էական փոփոխությամբ, ինչն ավելի ցայտուն կերևա հոդվածներն ըստ ոլորտների (ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) համեմատության մեջ:

image-3771

Պատկերում ներկայացված է, թե 2017թ. բյուջեի համեմատությամբ, աճման կամ նվազման ինչպիսի դինամիկա են արձանագրել մի շարք ոլորտների ուղղված ծախսերը: 2018թ. բյուջեով ամենամեծ ավելացումները նախատեսված է տնտեսական և պաշտպանական ոլորտներում: Ընդհանուր պատկերից ակնառու է, որ տնտեսական և պաշտպանական ծախսերի ավելացումն արված չէ ի հաշիվ մնացած ոլորտների: Բյուջեի ծախսերն ավելացել են ընդհանուր 104 մլրդ դրամով, որից միայն 91.3 մլրդն է ուղղվելու հենց պաշտպանական և տնտեսական ոլորտներին:

Մնացած ոլորտների ծախսերը գրեթե անփոփոխ են մնացել. նվազել են առողջապահությանն ուղղվող ծախսերը՝ 5.8%-ով: Առողջապահական ոլորտի կրճատումների մեջ հարկ է առանձնացնել Արտահիվանդանոցային ծառայություններին հատկացվող միջոցների կրճատումները՝ 2.1 մլրդ դրամով, մասնագիտացված բժշկական ծառայությունները՝ 5 մլրդ դրամով, հանրային առողջապահական ծառայությունները՝ 1.1 մլրդ դրամով:

2018թ. բյուջեի նախագծի քննարկում ԱԺ-ում

Բյուջեի ինտրիգն ապահովող մասը «Տնտեսական  հարաբերություններ» բաժինն Է: Այս մասով վարչապետ Կարապետյանի կառավարությունը նախատեսել է ֆինանսավորումն ավելացնել մոտ 60%-ով: Եթե անցած տարեվերջին կառավարությունը զգուշանում էր համարձակ քայլերի գնալ տնտեսական քաղաքականության մեջ, ապա «Բյուջե 2018»-ում հստակ երևում է, որ կապիտալ ծախսեր կատարելու համար գործադիրը ստիպված է եղել մի շարք ոլորտներում ֆինանսավորումը նույնը թողնել: Տնտեսական ոլորտում հատկացումներն ավելացել են գյուղատնտեսության (37.4%), ոռոգման (81.9%), վառելիքի եւ էներգետիկայի ֆինանսավորման (44.7%), ինչպես նաեւ տրանսպորտի (64.7%) գծով:

2018թ. բյուջեում աշխատավարձերը և թոշակները չեն բարձրանա. սա պարզ երևում է սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերից, որոնք մնացել են նույնը: Աշխատավարձերը և թոշակները չբարձրացնելու վերաբերյալ ֆինանսների նախարարը  հայտարարել է, որ անարդյունավետ է նման բան անել պարտք վերցնելու հաշվին:

Պաշտպանական ոլորտի համար նախատեսվող ծախսերի կոնկրետ ուղղվածությունը չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն դրանք կարելի է դիտարկել ռազմական ոլորտի արդիականացման 7-ամյա ծրագրի շրջանակներում, որի մասին օրեր առաջ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» բաժինը, նախորդ բյուջեի համեմատությամբ, թեև աճել է 3.6%-ով, կամ ՝ 9.6 մլրդ դրամով, սակայն ենթաբաժինների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացառությամբ պետական պարտքի գծով գործառնությունների, մնացած ենթաբաժինները կրճատվել են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «պետական պարտքի  գծով գործառնությունները» և ինչո՞ւ է այն ավելացել 20 մլդր դրամով: Սրանք պետական պարտքի սպասարկման գծով տոկոսավճարների և մայր գումարների վճարումներին ուղղված հատկացումներն են: Սա ենթադրում է, որ 2018թ., նախորդ տարվա համեմատ, պետական պարտքի մարմանն ուղղված միջոցներն ավելանալու են 20 մլրդ դրամով: Քանի որ  պետական պարտքը  տարեցտարի աճում է, հետևաբար աճելու է նաև դրա մարմանն ուղղված հատկացումների ծավալը:

«Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների»  մեջ ներառված են նաև  պետական մարմինների՝ օրենսդիր և գործադիր մարմինների կառավարմանն ուղղված ծախսերը, որոնք 2018թ. բյուջեի նախագծով նվազել են 2.1 մլրդ դրամով: Այսինքն, կարելի է փաստել որ վարչապետ Կարեն Կարապետյանի օպտիմալացման ծրագիրը, այն է՝ պետական ապարատի ուռճացվածության կրճատումը, շարունակում է մնալ կառավարության օրակարգում:

Ակնհայտ է, որ կառավարությունը պետական սուբսիդավորման լայն շրջանակ է ապահովելու գալիք տարում՝ ակնկալելով ավելացնել տնտեսական աճի տեմպը՝ հասցնելով այն 5%-ի շեմին:  2017թ. գործադիրը կանխատեսում է տարին փակել 4.3 % տնտեսական աճով, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը շաբաթներ առաջ հրապարակած զեկույցում Հայաստանում 3.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում՝ վերանայելով հուլիսին իր իսկ տրված 2.9 տոկոս աճի մասին գնահատականը: Համադրելով կառավարության և միջազգային կառույցների գնահատականները՝ տնտեսական աճը կտատանվի 4%-ի սահմաններում:

Փաստարկ

2018թ. բյուջեի նախագիծը կարելի է բնորոշել որպես տնտեսական և պաշտպանական ոլորտների զարգացմանն ուղղված բյուջե: Մեծ հաշվով, մյուս ոլորտներում գրեթե էական փոփոխություն չկա ֆինանսական հատկացումների մասով: Ավանդաբար սոցիալական ուղղվածություն ունեցող պետական  բյուջեների շարքում սա թերևս առաջինն է, որտեղ սոցիալական պաշտպանության մասով ֆինանսավորումը  մնացել է նույնը: Այսինքն, ինչպես արդեն հայտարարվել է, գալիք տարում կենսաթոշակների ավելացում եւ պետական ոլորտում աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Մասնավոր հատվածի աշխատավարձերի փոփոխության վրա ազդելու լծակ կառավարությունն ունի միայն նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելու միջոցով, ինչը  գալիք տարվա համար վերանայված չէ, այսինքն՝ այն կմնա անփոփոխ` 55 հազար դրամ: Արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխատավարձերն ու թոշակները մնում են անփոփոխ, ինչը, հավանաբար, քննադատության պատճառ կհանդիսանա խորհրդարանական քննարկումների ժամանակ: Միեւնույն ժամանակ, դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով  անշեղորեն  կավելանա պետական պարտքը՝ ավելացնելով պարտքի սպասարկման բեռը բյուջետային ծախսերի շարքում: Բավական է նշել, որ  ընթացիկ բյուջեում պարտքի սպասարկման ծախսը կազմում է 120 մլրդ դրամ, իսկ 2018թ. արդեն 140 մլրդ դրամ է՝ բյուջեի  10%-ը:  Իսկ պետական պարտքը, համաձայն ՀՀ կառավարության 2018թ. բյուջետային ուղերձի,  այս տարեվերջին կհասնի 6.8 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ. վերջում արդեն՝ 7.2 մլրդ դոլարի:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Հակոբ Սաֆարյանը

Ինֆոգրաֆիկան՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn