Տնտեսություն

Գյուղատնտեսական հողերի շահագործում

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանը հողերի ապապետականացում սկսեց իրականացնել 1991 թ.` անկախացումից անմիջապես հետո: Կարճ ժամանակահատվածում հողը սեփականաշնորհելով՝ սկիզբ դրվեց երկրում պետական գույքի մասնավորեցմանը: Այս տարիներին երկիրը գտնվում էր սոցիալական ծանր վիճակում, և բնակչությանը պարենով ապահովելու խնդիր կար։ Հողի սեփականաշնորհման գործընթացն իրականացվեց մինչև 1992 թ.: Հողի սեփականատեր կարող էր դառնալ յուրաքանչյուր գյուղացի, ով նման ցանկություն հայտներ։ Սակայն գյուղատնտեսության ոլորտում առկա մյուս օղակների ձևավորումը` ներառյալ իրացնող օղակների սեփականաշնորհումը, տևեց շատ ավելի երկար, ինչը հանգեցրեց ոլորտի անհամաչափ զարգացման:

Իրավիճակ

Այսօր մասնավոր հողատարածքների հազարավոր հեկտարներ գյուղացին չի մշակում: Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն` շուրջ 437 հազար հեկտար ցանքատարածություններից մշակվում են ընդամենը 318 հազարը: Դա նշանակում է, որ մոտ 120 հազար հեկտարը անմշակ վիճակում են, ինչը կարող է վերարտադրության խնդիրներ առաջացնել: Գյուղացիները հողը չմշակելու իրենց հիմնավորումներն ունեն: Գյուղատնտեսությամբ զբաղվելու փոխարեն նրանք գերադասում են մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ հողատարածքն այսօր շատերի համար դարձել է մի հողակտոր, որից կանոնավոր եկամուտ ստանալը բարդ գործընթաց է: Ապահովագրված չլինելով բնական աղետներից՝ գյուղացին վստահ չէ, որ ստացված արդյունքով կծածկի իր բոլոր ծախսերը՝ սերմերի և թունաքիմիկատների արժեքը, գյուղտեխնիկայի վարձակալությունը, ոռոգման ջրի սակագինը, հողի հարկը և այլն:

Ոլորտի երկարաժամկետ և կայուն զարգացումն ապահովելու համար Հայաստանում չկա անհրաժեշտ համակարգված և հետևողական քաղաքականություն։ Մասնավոր կապիտալի ընդգրկումն այս ոլորտում չափազանց փոքր է, իսկ ոլորտի ֆինանսավորման պահանջարկը՝ չափազանց մեծ։ Պետական միջոցները, իրենց սահմանափակ ծավալներով, չեն կարող ապահովել բավարար մակարդակ: Այնուամենայնիվ, գյուղատնտեսության ոլոտում խնդիրները նվազեցնելու նպատակով արդեն 20 տարի է` կառավարությունը գործակցում է տեղական բանկերից մեկի հետ, որը գյուղացիներին վարկեր է տրամադրում: Ըստ բանկի տրամադրած տվյալների` միայն այս բանկը 20 տարիների ընթացքում տրամադրել է շուրջ 526 հազար վարկ՝ ընդհանուր շուրջ 355 մլրդ դրամի: Վարկը տրամադրվում է տարեկան 14%-ով, որից 6%-ը սուբսիդավորում է պետությունը։ Գյուղացիներին վարկեր են տրամադրում նաև տեղական այլ բանկեր և վարկային կազմակերպություններ։ Սակայն դա չի իրականացվում պետական ծրագրերի շրջանակներում: Ագրոբիզնեսի շահերը պաշտպանող կառույցները նշում են, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գյուղացու հետ թափանցիկ չեն աշխատում. կիրառում են վարկավորման բարդացված գործիքներ, ինչը վարկառուին սխալ պատկերացում է տալիս իր վերցրած վարկի իրական արժեքի մասին։ Մինչդեռ բանկի ներկայացուցիչները պնդում են, թե գյուղացին տեղյակ է՝ որքան տոկոս է վճարում վարկի համար, բայց համակերպվում է միջնորդավճարների հետ: Ըստ գյուղատնտեսների, վերջին տարիներին գյուղատնտեսության խնդիրներից է նաև այն, որ գյուղացիները սկսել են գերշահագործել հողը՝ ստանալով ավելի շատ բերք, քան թույլատրելի է տվյալ ցանքատարածքից: Իսկ գերշահագործվող հողերին սպառնում է անապատացումը։


02-Ampop-01

Աղբյուր` Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն, 2016  

Պատմական ակնարկ

Անկախացումից հետո Հայաստանը շատ արագ ընդունեց նոր Հողային օրենսգիրք և «Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» հատուկ օրենք։ Հիմնվելով այդ օրենքի վրա՝ 1991-1992 թթ. լուծարվեցին գործող 865 կոլեկտիվ ու պետական տնտեսությունները, և դրանց փոխարեն ձևավորվեցին 320 հազարից ավելի անհատական տնտեսություններ: Հողերի 66%-ը և անասունների 80%-ը փոխանցվեց այդ տնտեսություններին։ Հողի սեփականաշնորհումը սկսվեց 90-ակաների տնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչը կարողացավ գյուղական բնակչությանն ապահովել աշխատանքով և մեղմեց սովի վտանգը։

Այսօր գյուղոլորտը զարգացնելու և առավելագույն արդյունքի հասնելու համար գյուղնախարարությունը փորձում է զարգացնել կոոպերատիվների զարգացման քաղաքականությունը։ Խոսքը կամավոր հիմքերով ստեղծվող կառույցների մասին է, որոնց անդամների միջև կիսվում է թե՛ օգուտը, թե՛ վնասը:

Փաստարկ

2015 թ. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքը։ Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվեց գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության կառուցվածքային ստորաբաժանում։ Հայաստանում գործում են շուրջ 270 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց հիմնական ուղղվածությունն է կաթի մթերումը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, մեղվաբուծությունը, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցումը և արոտավայրերի կառավարումը: 2015 թ. հունվարից Հայաստանում մեկնարկել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը (ENPARD)՝ Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ։ Ծրագրի իրականացման ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն ու համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանում ֆերﬔրների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման նպատակով: 2016-ի համար նախատեսված գումարը` 7 ﬕլիոն եվրոյի չափով, արդեն փոխանցվել է Հայաստանի կառավարությանը:

Փորձագետի կարծիք


Գյուղացիների համար վարկային պարտավորությունները դարձել են հիմնական խնդիրը: Գյուղացիների զգալի մասն իրենց եկամտի մեծ մասն ուղղում է վարկերի մարմանը, իսկ ֆորս-մաժորային վիճակների պատճառով շատերը վարկերի մարման հետ խնդիրներ են ունենում: Պետությունը վարկի տոկոսի սուբսիդավորման փոխարեն, ոլորտի ապահովագրություն ներդնելու պարագայում, էապես կնպաստի խնդիրների լուծմանը, քանի որ սուբսիդավորված մասն էական ազդեցություն չի թողնում գյուղացիների վրա, իսկ ահա ապահովագրությունը հնարավորություն կտա գյուղացիներին ավելի հանգիստ իրականացնելու իրենց աշխտատանքները, իսկ բանկերին` ավելի շատ ներդրումներ կատարելու ոլորտում:

Մեսրոպ Առաքելյան

տնտեսագետ


Հղումների պահոց

Ամփոփեց Արմինե Ավետիսյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn