Առողջապահություն

Աբորտ է անում ամեն 4-րդ հղին

առողջության վրա բացասական ազդեցության մասին տեղեկացվածությունը ցածր է

Խմբ. Հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ Հայաստանի կանանց շրջանում կատարված հարցումների արդյունքներն ուսումնասիրելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կանայք և/կամ իրենց զուգընկերներն իրազեկված չեն կամ չեն ընդունում սեռական հարաբերությունների ժամանակ հակաբեղմնավորիչ մեթոդների կիրառումը: Հակառակ դեպքում, ինչպես հասկանալ հարցվածների 65.4%-ին կամ 4000 կնոջ, ովքեր հղիության արհեստական ընդհատումը հիմնավորել են «այլևս երեխա չունենալու ցանկությամբ»: Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ հղին դիմում է աբորտի, այլ կերպ ասած՝ Հայաստանում 4 երեխաներից մեկի կյանքն արհեստականորեն ընդհատվում է:

Իրավիճակ

2015-2016թթ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումների կամ աբորտների է դիմել հղի կանանց 23%-ը: 15 տարի առաջ` 2000թ., աբորտների թիվը կազմում էր ավելի քան կրկնակի` 55%:

Վիճակագրության համաձայն` հղիության արհեստական ընդհատումների ավելի հաճախ դիմում են Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերում:

Եթե 6116 հարցվածներից 65.4%-ը կամ 4000 կին պատասխանել են, որ աբորտների մեծ մասը պայմանավորված է այլևս երեխա չունենալու ցանկությամբ, ապա 7.7%-ը խոստովանել է, որ աբորտի դիմել է՝ սեռով պայմանավորված (հիմնականում աղջիկ երեխա չցանկանալու պատճառով): Հարցվածների միայն 7.9%-ի հղիության ընդհատումներն են պայմանավորված պտղի արատներ ունենալու հիմնավորմամբ:

Ըստ հետազոտության, հարցված գրեթե բոլոր կանայք և տղամարդիկ տեղյակ են հակաբեղմնավորման մեթոդների մասին, սակայն դրանք օգտագործում են ոչ բոլորը: Հակաբեղմնավորման որևէ մեթոդից օգտվում է ամուսնացած կանանց ընդամենը 57%-ը:

Սեռով պայմանավորված աբորտների քանակով, ըստ կրթական մակարդակի, առաջին տեղում բարձրագույն կրթություն ունեցող կանայք են (17.9%), թեպետ նշվում է, որ ընդհանուր աբորտների ցուցանիշով «կրթված կանայք» ամենացածր դիրքերում են: Ըստ տարիքային խմբի՝ 25-29 տարեկան կանայք են՝ (13%), իսկ ըստ բարեկեցության մակարդակի՝ շատ ցածր (11%) և միջին բարեկեցության կանայք (11%):

Փաստարկ

2016թ. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, արգելվում է սեռով պայմանավորված 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը: Օրենքում շեշտադրվում է հղիության այս փուլը, քանի որ մինչ այդ ժամկետը հնարավոր չէ հստակ իմանալ երեխայի սեռը, հետևաբար, սեռով պայմանավորված աբորտների ռիսկերը փոքրանում են:

Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների խնդրի մասին փաստում է ոչ միայն վերը նշված հետազոտությունը, այլև ծնված աղջիկների և տղաների հարաբերակցությունը: Այս ցուցանիշով Հայաստանում 2016թ. 100 աղջկա հաշվով ծնվել է 112 տղա: Մինչդեռ ըստ ՄԱԿ-ի տվյալների, աղջիկ-տղա նորմալ հարաբերակցությունը պետք է կազմի յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով 102-106 տղա:

Սեռերի հարաբերակցության խախտման խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Տարածաշրջանում աղջիկ-տղա հարաբերակցությունը նորմային ավելի մոտ է Վրաստանում (100:108), իսկ Հայաստանում և Ադրբեջանում տարբերությունն ավելի ակնհայտ է՝ 100 աղջկա հաշվով ծնվում է համապատասխանաբար 112 և 115.6 տղա:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը ներկայացված է նաև տարբեր հետազոտություններում: Ըստ հետազոտություններից մեկի, սեռով պայմանավորված աբորտները հաճախ կատարվում են տնային պայմաններում: Հարցումը ցույց է տվել, որ թե՛ տղամարդիկ, թե՛ առավելապես կանայք գիտեն հղիության ընդհատման տարբեր ձևեր, որոնք սակայն վտանգավոր են կանանց առողջության համար: Հետազոտությունը նաև վկայում է, որ սելեկտիվ աբորտների որոշումը հիմնականում կայացնում է տղամարդը կամ նրա ընտանիքը, իսկ ցանկացած այլ աբորտի դեպքում կինն ավելի ազատ է իր որոշման մեջ: Ընդ որում, կնոջ առողջության վրա աբորտների բացասական ազդեցության մասին տեղեկացվածությունը բավականին ցածր է:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Արուս Կապուկչյանը

Մենթոր՝ Աստղիկ Գեւորգյան

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn