Տնտեսություն

Վարչապետի խոսքն ու գործը մեկ տարի անց

Լուսանկարը` gov.am կայքից

2017թ. սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սույն պաշտոնում գործունեության մեկ տարին: Նախորդ տարի այս օրերին, պաշտոնը ստանձնելիս, նա մի քանի հիմնական ուղղություն մատնանշեց, որ հիմք պիտի հանդիսանային իր եւ իր կողմից ղեկավարվող կառավարության գործունեության համար: Դրանց մի մասը 5 տարվա աշխատանք է ենթադրում, սակայն որոշ գործողություններ ուղղակիորեն վերաբերում են ընթացիկ տարվան: Ամփոփ մեդիան համեմատել է վարչապետ Կարապետյանի կողմից մեկ տարի առաջ հնչեցված խոսքը մեկ տարվա ընթացքում կատարված գործի հետ:

Իրավիճակ

Կարեն Կարապետյանը, մինչ 2016թ. աշխատելով ռուսական «Գազպրոմ» ընկերությունում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվեց մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը թե’ ներքին ու արտաքին քաղաքական եւ թե’ սոցիալ-տնտեսական բավական բարդ իրավիճակում էր գտնվում:

Պաշտոնը ստանձնելիս եւ նոր կառավարությունը ձեւավորելիս` առաջնային փոփոխությունների շարքում վարչապետ Կարապետյանը շեշտադրում կատարեց բիզնես միջավայրի ակտիվացման, ներդրումների ավելացման, պետական-մասնավոր հատված համագործակցության վրա եւ հայտարարեց հետեւյալ 4 քայլերի մասին.

  1. Ներդրումների ակտիվացում,
  2. Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում,
  3. Կոռուպցիայի դեմ պայքար,
  4. Տնտեսական աճ:

Ներդրումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2017թ. կապահովվի 3.2% տնտեսական աճ, հաջորդ տարիներին` 4-5%, իսկ 2017թ. բյուջեի դեֆիցիտը 5.9%-ից կհասցվի 2.7%-ի:

Ներդրումների ներգրավման և պետական-մասնավոր հատված համագործակցության նպատակով այս մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին մի շարք հիմնադրամներ: Ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ ռուսահայ 30 գործարարների մասնակցությամբ: Ակումբի միջոցով նախատեսված է 2017թ. կատարել 300 մլն դոլարի ներդրում: Ակումբը ներկայումս առաջարկում է ներդրումային 3 ծրագիր՝ Շնողի և Մեղրու ՀԷԿ-երի, ինչպես նաև կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանի կառուցումը և շահագործումը: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 510,6 միլիոն դոլար, որից ակումբի բաժինը՝ մոտ 77 միլիոն դոլար է:

Ակումբից զատ ստեղծվեց նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որն ըստ պաշտոնական տեղեկության, պատրաստվում է ներդրումներ ուղղել գյուղատնտեսություն, արդյունաբերական արտադրություն, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վարչապետ Կարապետյանը, իր հերթին, խոստացել է, որ իր ընտանիքը Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի իրականացման և Գյումրու՝ որպես զբոսաշրջային քաղաքի, ձևավորման նպատակով մոտ 500 հազար դոլարի ներդրում կանի:

Ներդրումային գրավչության առումով Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Հայաստանը 38-րդ հորիզոնականում է: Հայաստանը հետ է հիմնականում հարկեր վճարելու, շինարարության թույլտվություն ստանալու ասպեկտներով: Կարապետյանի գլխավորած կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է բարելավել այդ ցուցանիշը՝ ընդգրկվելու 20 լավագույն երկրների շարքում:

Այնուամենայնիվ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են նաեւ, որ առայժմ, կարճաժամկետ կտրվածքով, վերը նշված գործողությունները զգալի ֆինանսական հոսքեր եւ կյանքի բարելավում չեն ապահովել: Ըստ ԱՎԾ տվյալների, 2017թ. առաջին 6 ամիսներին օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը շարունակում է մնալ բացասական, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4%-ով՝ կազմելով 17.3 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ընդամենը  35.5 միլիոն դոլարի: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս` վարչապետը խոստացել էր 830-840 մլն դոլարի ներդրում միայն 2017թ. ընթացքում: Ընդհանուր առմամբ, նա հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կհասնի 3.2 մլրդ դոլարի:

Բիզնես եւ կոռուպցիա

Քննարկումներ Կառավարությունում (20.09.2016), լուսանկարը` gov.am կայքից

«Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար մրցակցային միջավայրի ապահովումն է», – այս նպատակը շեշտադրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի գրեթե բոլոր ելույթներում և հարցազրույցներում:

Ւսկ ի՞նչ է նախատեսում նրա կառավարությունը և ի՞նչ է արել այս ուղղությամբ:

Նախատեսվում է մի շարք պետական գերատեսչություններում` ներառյալ մաքսատանը, ամբողջությամբ անցում կատարել «մեկ պատուհանի» սկզբունքին: Դեռևս 2015թ. արտաքին առևտրով զբաղվող գործարարների համար ստեղծվել էր արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանը, որը աստիճանաբար համալրվում է նոր էլեկտրոնային ծառայություններով: Վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են ապրանքների, մաքսային արժեքի և տարանցման հայտարարագրման էլեկտրոնային ծառայությունները:

2016թ. հոկտեմբերի 20-ին կառավարության 5-ամյա՝ 2017-2022թթ. ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս` վարչապետը խոսեց նաև հսկիչ գներով մաքսազերծումը սահմանափակելու անհրաժեշտության մասին եւ շեշտեց, որ պարզեցվել են ներմուծման ընթացակարգերը: Խոսքը մաքսազերծման 5 մեթոդներից մեկի մասին է,  երբ մաքսային մարմինը որոշում է մաքսային արժեքը՝ հիմք ընդունելով իր չափորոշիչները: Օրինակ, 2015թ. ամենաշատ մաքսազերծումը կիրառվել է այս մեթոդով, ինչը ներմուծողների ամենօրյա բողոքների պատճառ է դարձել:

Վարչապետը որպես ձեռքբերում համարում է նաեւ ազատ մրցակցության խթանումը հարկային և մաքսային վարչարարության միջոցով, օրենսդրական փոփոխությունների փաթեթի առկայությունը գործունեության 14 տեսակներով զբաղվելու համար՝ լիցենզիայի պահանջը փոխարինելով ծանուցմամբ, ինչպես նաև ներմուծվող արտադրական նշանակության սարքավորումների և հումքի համար մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման աստիճանաբար վերացումը:

Կառավարության ղեկավարը նաեւ հայտարարում է, որ անհանդուրժողականություն են որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարում եւ նպատակ ունեն աշխատել պետական ծառայողի կերպարի վրա: Այս նպատակով 2017թ. հունիսի 9-ին Ազգային ժողովն ընդունեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը:

Իսկ 2016թ. դեկտեմբերին հիմնադրված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ըստ վարչապետի, պետք է մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների հետ քննարկի և մշակի երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ:

Վարչապետի պաշտոնն ու տնտեսությունը

Փաստարկ

Թեեւ ստեղծվում են նոր հիմնադրամներ, ռազմավարական կենտրոններ եւ կատարվում են օրենսդրական փոփոխություններ, սակայն Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության առաջին տարվա գործունեության ընթացքում Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, աճում է նաեւ երկրից հեռացող քաղաքացիների թիվը: 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով` Հայաստանի պետական պարտքն արդեն կազմում է 6.1 մլրդ դոլար, 2016թ. հուլիսին այն կազմում էր 5,3 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում ավելացել է նաև միգրացիայի առանց այն էլ բացասական մնացորդը: Եթե 2016թ. առաջին կեսին միգրացիայի բացասական մնացորդը կազմում էր 7600 մարդ, ապա 2017թ. առաջին կեսին՝ 8700 մարդ: Նույնն է, թե ասել, որ այսքան ՀՀ քաղաքացի անվերադարձ հեռացել է երկրից:

Ըստ ԱՎԾ-ի, 2017թ. առաջին եռամսյակում գործազրկությունը 2016թ. նույն ժամանակաշրջանի 18.3%-ի դիմաց հասել է 19%-ի՝ 228 հազար 400 մարդ: Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելացել է 489-ով, և կազմել է 79 782 մարդ:

Թեպետ 2017թ. 1-ին կիսամյակում ստեղծվել է 189 նոր աշխատատեղ՝ ինչը 9 աշխատատեղով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 12/09/2017